Հայաստանում ջրամատակարարման հետ կապված խնդիրներն առաջիկա հինգ տարիներին կդառնան պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Այս մասին Կառավարության ապրիլի 30-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանում գրեթե չկա բնակավայր, որտեղ ջրի հետ կապված խնդիրներ չլինեն։ Ավելին՝ բազմաթիվ համայնքներում ոռոգման ջրի պակասի պատճառով քաղաքացիները ստիպված են խմելու ջուրն օգտագործել, ինչը հանգեցնում է թե՛ խմելու ջրի պաշարների կորստի, թե՛ մատակարարվող ջրի ծավալների նվազմանը։ «Հաջորդ 5 տարում ջրային խնդիրները մեզ համար լինելու են 5 առաջնահերթություններից մեկը: Ինչպես նախորդող շրջանում խաղաղության օրակարգն էր մեզ համար առաջնահերթություն, հաջորդ հնգամյակում ջրի հետ կապված հարցերը լինելու են բացարձակ առաջնահերթություն», - ասել է Փաշինյանը։
Նրա գնահատմամբ՝ ջրային ոլորտում խորը և համակարգային բարեփոխումների բացակայության դեպքում հետագա տնտեսական զարգացումը կարող է պարզապես կանգ առնել։ «Մեր տնտեսությունը եկել, հասել է մի կետի, որ առանց ջրային ոլորտում ֆունդամենտալ փոփոխությունների՝ մենք տեղապտույտի վիճակում կհայտնվենք», - ընդգծել է վարչապետը։
Վարչապետը հավաստիացրել է, որ այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն արդեն շուրջ երկու տարի է՝ ընթացքի մեջ են, և մոտ ժամանակներս հնարավոր կլինի անցնել ծրագրերի իրականացման փուլին։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է խնդրի մասշտաբայնությունը՝ նշելով, որ խոսքը երկրի ջրային ենթակառուցվածքների լայնածավալ հիմնանորոգման մասին է։ Վարչապետի խոսքով՝ հանրապետությունում կան ինչպես անջրտի հողատարածքներ, այնպես էլ բնակավայրեր ու առանձին թաղամասեր, որտեղ ջրի հասանելիությունը սահմանափակ է։ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել նաև կոյուղու և ջրահեռացման համակարգերի խնդրին՝ հավելելով, որ նույնիսկ Երևանում կան ամբողջական թաղամասեր, որոնք նույնպես կոյուղի չունեն։
Նիկոլ Փաշինյանը նաև ուշադրություն է հրավիրել օգտագործված ջրերի կառավարման կարևորության վրա՝ նշելով, որ ապագայում անհրաժեշտ կլինի կանխել շրջակա միջավայրում ջրի արտանետումը։
Վարչապետը հավելեց, որ այս ոլորտում բարեփոխումները պահանջում են ոչ միայն ենթակառուցվածքային ներդրումներ, այլև կրթական և սոցիալ-հոգեբանական աշխատանքներ, որոնք պետք է ուղղված լինեն ջրօգտագործման մշակույթը խթանելուն։





























