Մարկետփլեյսներում (Wildberries և Ozon) հայկական ապրանքների առաջխաղացման հետ կապված խնդիրները սկսել են նկատվել դեռ մեկ ամիս առաջ։ Դրա մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է անհատ ձեռնարկատեր Շուշան Մկրտչյանը:
Ձեռնարկատերը մանրամասն նկարագրել է իրավիճակը, որն, ըստ նրա, սկսել է զարգանալ շուրջ մեկ ամիս առաջ։ Նա պատմել է, որ Հայաստանից ուղարկված պատվերները դադարել են հասնել Ռուսաստանի գնորդներին և «մնացել են ճանապարհին»։ «Արդյունքում գնորդները սկսեցին հրաժարվել պատվերներից, իսկ նման դեպքերում լոգիստիկ բոլոր ծախսերն ընկնում են վաճառողների ուսերին։ Մենք փաստացի աշխատում էինք մեծ վնասներով»,- պարզաբանել է Մկրտչյանը:
Նա շեշտել է, որ վաճառողները խնդիրը չէին հանրայնացնում՝ հուսալով, որ խոսքը սահմանային ժամանակավոր դժվարությունների մասին է, որոնք հնարավոր կլինի լուծել հարթակի աջակցության ծառայության միջոցով։ Սակայն աջակցության ծառայությունից հստակ պատասխան չի ստացվել։ Իրավիճակը կտրուկ սրվել է նախօրեին, երբ հայ վաճառողների ապրանքները սկսել են անհետանալ հարթակի ռուսաստանյան հատվածից։ «Սկզբում դա տեղի էր ունենում առանձին վաճառողների համար, հետո դարձավ զանգվածային։ Երեկոյան խնդիրը տարածվեց բոլորի վրա՝ ապրանքները պարզապես դադարեցին երևալ»,- պատմել է Մկրտչյանը։
Ըստ նրա՝ հայ վաճառողները, որոնք միավորված են շուրջ 2500 անդամ ունեցող թելեգրամյան խմբում, սկսել են զանգվածաբար հայտնել կատարվածի մասին, սակայն հարթակի աջակցության ծառայությունից բացատրություններ ստանալու փորձերն արդյունք չեն տվել։ «Սա տարօրինակ է, քանի որ չի եղել ո՛չ նախազգուշացում, ո՛չ ծանուցում, որպեսզի մենք կարողանայինք պատրաստվել»,- ընդգծել է նա։ Մկրտչյանը նաև հերքել է փաստաթղթերի հետ կապված հնարավոր խնդիրների մասին ենթադրությունները։ Նա նշել է, որ իր դեպքում որևէ լրացուցիչ պահանջ չի ներկայացվել։ «Ինձ անձամբ ոչ ոք չի զանգել, չի գրել, փաստաթղթեր չի պահանջել։ Նման տեղեկատվություն պարզապես չկա»,- հայտարարել է նա։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, առանձին դեպքերում սահմանին որոշ վաճառողներից պահանջվում են տարբեր փաստաթղթեր, որոնց թվում՝ երրորդ երկրների հայտարարագրեր, սակայն նույնիսկ դրանց տրամադրումը չի հանգեցնում ապրանքների շարժին։ «Դա որպես լուծում չի գործում. նույնիսկ փաստաթղթերը տրամադրելուց հետո պատվերները տեղից չեն շարժվում»,- նշել է նա։
Արդյունքում Wildberries-ը, իսկ այնուհետև նաև OZON-ը, առանց որևէ բացատրության անժամկետ դադարեցրել են վաճառքները Հայաստանից։ Որոշումն ուժի մեջ է մտել հանկարծակի՝ «բառացիորեն մի քանի ժամվա ընթացքում», և շատ վաճառողների դրել է չափազանց բարդ կացության մեջ։ Մկրտչյանն ընդգծում է, որ փոքր բիզնեսի համար մարկետփլեյսը ոչ միայն իրացման ուղի էր, այլև դրամական հոսքերի ձևավորման և ԵԱՏՄ երկրների շուկաներում բրենդների առաջխաղացման առանցքային գործիք։ «Հատկապես փոքր բիզնեսի համար հարթակը ոչ միայն վաճառքի միջոց էր, այլև արդյունավետ գործիք քեշ-ֆլոուի ձևավորման և բրենդի ճանաչելիության բարձրացման համար»,- նշել է ձեռնարկատերը։
Նա հավելել է, որ գլխավոր խնդիրն այժմ անորոշությունն է։ Մկրտչյանը տեղեկացրել է, որ հարթակների հետ աշխատանքը պահանջում է զգալի ներդրումներ՝ գրանցումից և սերտիֆիկատների ստացումից մինչև մակնշում, արտադրություն և ապրանքների փաթեթավորում։ Ուստի գործարարների համար շատ կարևոր է, որ հստակություն մտցվի հնարավորինս օպերատիվ կերպով։ «Մենք պարզապես ուզում ենք հասկանալ՝ սա ժամանակավո՞ր է, թե՞ ոչ, ի՞նչ է կատարվում և ի՞նչ է կախված մեզնից։ Որովհետև անորոշությունն ամենածանրն է»,- ընդգծել է ձեռնարկատերը։





























