Ավստրալիայի կառավարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ մտահոգված է արևմուտքում մկների ներխուժմամբ և կշարունակի համագործակցել արդյունաբերության հետ՝ դրա ազդեցությունը պարենամթերքի մատակարարումների վրա սահմանափակելու համար, հաղորդում է Reuters-ը։

«Ակնհայտ է, որ մենք մտահոգված ենք մկների իրավիճակով, այդ թվում՝ Արևմտյան Ավստրալիայում», - Սիդնեյից հեռուստատեսային ելույթի ժամանակ հայտարարել է էներգետիկայի նախարար Քրիս Բոուենը։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, մկները, որոնք մշտական խնդիր են Ավստրալիայի հացահատիկ աճեցնող շրջաններում, հեղեղել են Արևմտյան Ավստրալիայի ցորենի գոտու ֆերմաները։ Իրավիճակը դրդել է հացահատիկ արտադրողներին ապրիլին զգուշացնել բերքի կորուստների մասին և ավելի ուժեղ ազդեցությամբ մկների թույնի հասանելիություն պահանջել։ Բոուենն ասել է, որ ձախակենտրոն կառավարությունը շարունակում է ակտիվ համագործակցել արդյունաբերության հետ՝ նվազեցնելու համաճարակի ազդեցությունը տեղական և արտասահմանյան պարենամթերքի մատակարարումների վրա։

«Մկների համաճարակը շատ բարդ իրավիճակ է ֆերմերների, արդյունաբերության և կառավարությունների համար», - հավելել է նա։

Ավստրալիան, որը աշխարհում մեծությամբ չորրորդ ցորենի արտահանողն է, տուժել էր մկների համաճարակից 1993 թվականին, երբ կրծողները ոչնչացրել էին հազարավոր հեկտար ցանքատարածություններ և հարձակվել էին անասնաբուծարանների ու թռչնաֆաբրիկաների վրա, հաղորդում է երկրի գիտական գործակալությունը։