Հարցվածների 42 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Այդ մասին, այսօր` ապրիլի 28-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է The Gallup Organization-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկենեն` պարզաբանելով, որ հարցումն անցկացվել է 1015 չափահաս ընտրողների շրջանում: Հարցումն անցկացվել է ապրիլի 16-22-ին Հայաստանի ողջ տարածքում, ընդ որում հարցվածներին չի ներկայացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցանկը:

Ալիշաուսկենեն նշել է, թե առաջին փուլի հարցման (ապրիլի 4-10) տվյալների համեմատ, իշխող կուսակցությանը քվեարկելու ցանկություն ունեցողների թիվն աճել է 4 տոկոսով:

Ալիշաուսկենեի խոսքով, «Բարգավաճ Հայաստանի» օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 26 տոկոսը, ինչը երկու տոկոսով պակաս է նախորդ ցուցանիշից:

«Արդյունքները ցույց են տալիս, որ «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն եւ Հայ ազգային կոնգրեսը, որոնք ավելի քիչ էլեկտորատ ունեն, նույնպես կանցնեն խորհրդարան»,- նկատել է Ալիշաուսկենեն:

Հարցման արդյունքներով, Հայ ազգային կոնգրեսի օգտին պատրաստ է քվեարկել 7 տոկոսը (9 տոկոս առաջին փուլում), «Օրինաց երկրին»` 6 (5), ՀՅԴ-ին` 5 (5), «Ժառանգությանը»` 4 (3), Կոմկուսին` 2 (1), Դեմկուսին` 0,5 (0,3), «Միավորված հայերին»` 0,4 (0) տոկոս:

Նա նշել է, թե «Ժառանգություն» կուսակցությունը գտնվում է շեմին, եւ նրանց դեպքում մեծ դեր է խաղալու քարոզարշավի վերջին շաբաթը:

Նշենք, որ հարցումն անցկացրել է The Gallup Organization-ը Հայաստանի սոցիոլոգիական ընկերակցության հետ համատեղ, «Արմնյուզ» հեռուստաընկերության պատվերով: