Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական գագաթնաժողովը ոչ թե բեկում է ԵՄ-ի հետ հարաբերություններում, այլ Փաշինյանի նախընտրական PR նախագիծը, մինչդեռ հայ-ֆրանսիական գործընկերության իրական ներուժն օգտագործվել է ընդամենը 17%-ով։ Այս մասին Facebook-ի իր էջի տեսանյութում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Ըստ նրա, Երևանում միաժամանակ կանցկացվի երեք միջոցառում՝ Եվրոպական քաղաքական համայնքի նիստը, Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական պաշտոնական այցը։ Մարուքյանն ընդգծել է, որ այս բոլոր իրադարձությունների անցկացումը նախընտրական քարոզարշավի մեկնարկից երեք օր առաջ պատահականություն չէ, այլ գործող իշխանության գիտակցված փորձը՝ պետական միջոցների հաշվին եվրոպացի գործընկերներին նախընտրական նպատակներով օգտագործելու համար։
Անդրադառնալով Հայաստան–ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին՝ քաղաքական գործիչը նշել է, որ անդամակցության հարց օրակարգում չկա ու չի լինելու։ Իրական արդյունքը կլինի միայն վիզաների ազատականացման հարցում առաջընթացի մասին հայտարարությունը, ընդ որում՝ մինչև Շենգենյան գոտի առանց վիզայի մուտք գործելը Հայաստանը դեռ երեք-չորս տարվա բարեփոխումների ճանապարհ ունի։ Մարուքյանը հավելել է, որ այդ բոլոր բարեփոխումները կարելի էր իրականացնել դեռ 2021-2025 թվականներին, սակայն դրա համար քաղաքական կամք չի գտնվել։
Մարուքյանն առանձնահատուկ անդրադարձել է Մակրոնի դերին Արցախյան հակամարտության շրջանում՝ կոչ անելով դադարեցնել նրա հասցեին հնչող անհիմն մեղադրանքները։ Ըստ քաղաքական գործչի, 2020 թվականի պատերազմի ժամանակ Ֆրանսիայի նախագահն անընդհատ զանգահարում էր Պուտինին՝ հրադադարի հասնելու համար, նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների հետ, իսկ հայկական կողմը Փարիզից մշտապես ստացել է այն, ինչ խնդրել է։ Մարուքյանի կարծիքով, խնդիրը ոչ թե Ֆրանսիան էր, այլ հենց Երևանի անհետևողականությունը. հայկական կողմը պարբերաբար փոխում էր դիրքորոշումը՝ ի չիք դարձնելով գործընկերների ջանքերը։
Միևնույն ժամանակ քաղաքական գործիչն արձանագրել է, որ հաջորդ տարվանից Ելիսեյան պալատը նոր տեր կունենա, և Ֆրանսիան այլևս չի ունենա Մակրոնի պես հայամետ նախագահ։ Սա նշանակում է, որ ֆրանսիական առաջնորդության վերջին տասնամյակը բաց թողնված հնարավորություն էր. բովանդակային համագործակցության փոխարեն ամեն ինչ հանգեց PR ֆոտոշարքերի։
Եզրափակելով՝ Մարուքյանը կոչ է արել քվեարկել «Լուսավոր Հայաստանի» օգտին՝ խոստանալով հայ-ֆրանսիական գործընկերությունը ցուցադրականից վերածել իրականի՝ հիմնվելով ֆրանսիացի գործընկերների հետ անձնական կապերի վրա։











