Այն փաստը, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը առաջին անգամ անցկացվում է Երևանում, կարևոր և շատ ուժեղ ազդանշան է Հայաստանի համար։ Այս մասին մայիսի 4-ին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։
Նա հավելել է, որ առաջիկա ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը նույնպես կարևոր ազդանշան է Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ օրակարգում ընդգրկված թեմաները հստակ արտացոլում են ներկայիս գլոբալ իրավիճակը և եվրոպական հիմնական արդիական հարցերը (լինի դա էներգետիկան, տեխնոլոգիական զարգացումը, միգրացիոն խնդիրները, թե այլ հարցեր)։
«Կարծում եմ՝ սա շատ դրական ազդանշան է մեզ հյուրընկալող երկրի, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համար»,- նշել է Պլենկովիչը։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Խորվաթիան հյուրընկալել էր «Երեք ծովերի նախաձեռնություն» անունը կրող երկրների խմբի գագաթնաժողովը, որի կազմում ընդգրկված են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Եվրոպական միության անդամ 13 պետություններ։ Խորվաթիայի վարչապետը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է Բալթիկ, Սև և Ադրիատիկ ծովերի միջև կապին։
«Եվրոպայի այս հատվածը, որը որոշակի իմաստով Եվրոպական միության արևելյան և հարավային թևն է, որը պետք է ամրապնդի աշխարհի մյուս հատվածների հետ համագործակցությունը։ Եվ այդ ճանապարհին կա երկու երթուղի՝ Միջին միջանցքը, ինչպես նաև Հնդկաստան – Մերձավոր Արևելք – Եվրոպա միջանցքը։ Այս երկու ասպեկտները շատ ակտիվ քննարկվել են Խորվաթիայում։ Էներգիայի, ապրանքների, բաց տարանցման, համապատասխան ենթակառուցվածքներում ներդրումների փոխադրման համակարգը կենսական նշանակություն ունի Եվրոպայի այս հատվածի զարգացման և խաղաղության համար։ Սա կարևոր է նաև Կովկասի բոլոր պետությունների համար»,- ասել է Անդրեյ Պլենկովիչը։
Նա հավելել է, որ Խորվաթիայի և Վրաստանի միջև երկար տարիներ շարունակ եղել է շատ լավ համագործակցություն։ «Մենք միշտ աջակցել ենք Վրաստանի եվրոպական ձգտումներին։ Կարծում եմ, որ երբ վրացական կառավարությունն ու վրաց ժողովուրդը որոշեն, որ եվրոպական ուղին իրենց ապագան է, և երբ կատարվեն որոշակի պահանջներ, ապա եվրաինտեգրման գործընթացը կվերսկսվի»,- եզրափակել է Խորվաթիայի վարչապետը։











