Մայիսի 4-ին Երևանում բացվել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի լիագումար նիստը։ Միջոցառումն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցում են եվրոպական երկրների առաջին դեմքերն ու միջազգային կազմակերպությունների ղեկավարները։ Ընդհանուր առմամբ, Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է շուրջ 50 երկրի առաջնորդների։

Միջոցառման օրակարգում են էներգետիկայի, տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների և ենթակառուցվածքային կապերի ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերը: Առանձնակի ուշադրություն կդարձվի համաշխարհային արդի մարտահրավերներին, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին և Մերձավոր Արևելքում շարունակվող ճգնաժամի հետևանքներին:

Գագաթնաժողովի ավարտին նախատեսվում է համատեղ հայտարարություն անել մամուլի համար, ինչպես նաև անցկացնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին նվիրված փոստային նամականիշի մարման արարողությունը: