Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մոտ երեք տասնյակ դիմում է ստացել, որոնք վերաբերում են նախընտրական քարոզարշավի փուլում արձանագրված խախտումներին:  Այս մասին, այսօր` ապրիլի 28-ին, հրավիրած ասուլիսում ասաց Պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Նրա խոսքով` դիմումների թիվը քիչ է եւ նրանք չեն արտացոլում իրական պատկերը: Ոչ մեծաթիվ դիմումների հանգամանքը նա բացատրեց  քաղաքացիների` պետական կառույցների հետ շփվելու բացասական փորձով:  Միաժամանակ նա հիշեցրեց, որ օմբուդսմենի գրասենյակ դիմելիս պահպանվում է գաղտնիությունը:

«Մենք ստանում ենք տեղեկատվությունը, հարցում ենք կատարում իրավապահներին, եւ հետեւում ենք հարցի քննարկման ընթացքին»,-նշեց Անդրեասյանը` ավելացնելով, որ դիմողի անձնական տվյալները չեն փոխանցվում: Նա տեղեկացրեց, որ պատգամավորական թեկնածուներից գրասենյակ են դիմել Հակոբ Հակոբյանը, Անուշավան Նիկողոսյանը եւ Գայանե Առուստամյանը: