Եվրոպական քաղաքական համայնքի այս գագաթնաժողովը պատմական է, քանի որ այն առաջին անգամ անցկացվում է Հարավային Կովկասում՝ Հայաստանում՝ տեղափոխելով Հայաստանը Եվրոպայի սիրտը՝ այնտեղ, որտեղ նա պետք է լինի՝ հաշվի առնելով իր հնագույն պատմությունը։ Այս մասին մայիսի 4-ին Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Նա հավելել է, որ այս գագաթնաժողովը պատմական է նաև այն պատճառով, որ հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ։ Այդ համաձայնության արդյունքում բարելավվել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, իսկ տարածաշրջանը կանգնել է փոփոխությունների ուղու վրա։

Եվրոխորհրդի ղեկավարի կարծիքով՝ փոխկապակցված ռազմավարական արդյունաբերական ճյուղերը, շուկաները, տրանսպորտային միջանցքները, թվային ցանցերն ու էներգետիկ փոխկապակցվածությունն այսօր ավելին են, քան պարզապես արտադրանք։

«Դրանք ձևավորում են վստահություն, ստեղծում աշխատատեղեր և հնարավորություն տալիս հարևաններին կապեր հաստատել գործնական գործընկերության և համատեղ աճի շրջանակներում: Եվրոպական միությունը պատրաստ է դառնալ հուսալի գործընկեր և այս տեսլականը վերածել իրականության՝ ապահովելով ընթացիկ պահի անշրջելիությունը:

Խաղաղությունն ու հնարավորությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, արտաքին ազդեցության և ապատեղեկատվության դեմ պայքարի համար: Հայկական ժողովրդավարության ապագան բացառապես Հայաստանի քաղաքացիների ձեռքերում է»,- ասել է նա:

Անտոնիու Կոշտան հավելել է, որ այս գագաթնաժողովը պատմական է ևս մեկ պատճառով. դրան առաջին անգամ հրավիրվել է ոչ եվրոպական գործընկեր՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին:

Նա նշել է, որ Եվրոպայի աշխարհաքաղաքական իրավիճակն այս պահին բնութագրվում է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայով և Մերձավոր Արևելքի հակամարտությամբ։ Եվրոպան այսօր ձևավորում է իր անվտանգության «360 աստիճանի» տեսլականը»:

«Այդուհանդերձ, այժմյան աշխարհը միայն անկայունության աճող հանգույց չէ: Գոյություն ունի նաև երկրորդ կարևոր միտումը. աշխարհում զարգանում է բազմաբևեռությունը: Սա միտում է, որը պահանջում է բազմաբևեռ փոխգործակցություն՝ ուղղված խաղաղությանը և բոլոր մակարդակներում բարեկեցության ընդհանուր հնարավորությունների ձևավորմանը:

Կանադան ոչ միայն մեր տեսլականը կիսող կողմ է, այլև գործընկեր: Կանադան կիսում է Եվրոպայի անվտանգության գլոբալ՝ «360 աստիճանի» տեսլականը: Կանադան մեզ հետ միասին ձգտում է ստեղծել միջազգային կարգ՝ հիմնված միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի վրա:

Հենց այդ պատճառով է Կանադան՝ որպես ոչ եվրոպական հյուր, առաջին անգամ մասնակցում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»,- ասել է Կոշտան: