Երևանում ընթանում է բողոքի ակցիա, որի շրջանակներում ցուցարարները ԵՄ գագաթնաժողովի մասնակիցներից պահանջում են զբաղվել Ադրբեջանում պահվող հայ գերիների և բուն Հայաստանում գտնվող քաղբանտարկյալների ազատ արձակման հարցով։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստանի մայրաքաղաք են ժամանել շուրջ հիսուն երկրի պատվիրակություններ։

Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշել է, որ երկրում կան տասնյակ քաղբանտարկյալներ, ովքեր ձերբակալվել են շինծու մեղադրանքներով, մինչդեռ իշխանության կողմնակիցների կատարած ծանր հանցագործությունները մնում են անպատիժ։ Եթե Եվրոպան բարին է կամենում Հայաստանին, ապա չպետք է աչք փակի այս ապօրինությունների վրա, ընդգծել է նա՝ հավելելով, որ ակնհայտ է, որ Փաշինյանը փորձում է ընդդիմությանը ներկայացնել որպես Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող գործակալներ։ Պատգամավորի խոսքով՝ դա սուտ է, քանի որ «մենք միշտ կողմ ենք եղել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացմանը»։ Պատգամավորը նաև շեշտել է, որ Բաքվի բանտերում շարունակում են մնալ տասնյակ գերի ընկած հայեր, և անհրաժեշտ է օր առաջ հասնել նրանց ազատ արձակմանը։

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Ալիևի տեսաուղերձը՝ պատգամավորը նշել է, որ նա դրսևորել է հայատյացության քաղաքականություն, իսկ ՄԱԿ-ի բանաձևերը չի կատարել հենց ինքը՝ Բաքուն: «Ցավալի է, որ Եվրոպան ծափահարում էր, և Փաշինյանը նույնպես ծափ էր տալիս: Պարզ է, որ կմեկնի (հաջորդ գագաթնաժողովին Բաքու - խմբ.): Իրեն կասեն՝ գնա՛, կգնա», - նկատել է պատգամավորը: Ուկրաինայի նախագահի ելույթը Խաչատրյանն առհասարակ չցանկացավ մեկնաբանել: Կատարվողին իր գնահատականն է տվել նաև պատգամավոր Աղվան Վարդանյանը: Նա կարծում է, որ եվրոպացի առաջնորդները եկել են սատարելու Փաշինյանին ընտրությունների նախաշեմին, իսկ ինքը՝ Փաշինյանը, կատարում է Ալիևի կամքը: Ըստ նրա՝ հաջորդ տարի նրանք կմեկնեն Բաքու և կմասնակցեն նույնանման գագաթնաժողովին, որպեսզի ընտրություններից առաջ աջակցեն Ալիևին:

Բողոքի ակցիայի մասնակիցները Մերգելյանի պուրակից երթով շարժվել են դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ անցկացվում է գագաթնաժողովը: Երթը գլխավորում են թմբկահարն ու ակցիայի մասնակիցները՝ ձեռքերում պահելով պաստառներ և Լեռնային Ղարաբաղի դրոշներ:

«Եվրոպան չպետք է լռի», «Ազատություն Բաքվում պահվող գերիներին», «Ազատություն քաղբանտարկյալներին», — վանկարկում են ցուցարարները։

Երթի մասնակիցները, հասնելով Մարզահամերգային համալիր տանող աստիճանների մոտ, ուղերձ են հղել ԵՄ ներկայացուցիչներին։ Ընդգծվել է գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը, սակայն նշվել է, որ եվրոպացիներին ուղղված բազմաթիվ հարցեր կան։ «Թող Զելենսկին հիշի, թե ինչպես էր Ադրբեջանին ֆոսֆորային զենք փոխանցում և շնորհավորում Բաքվին «հաղթանակի» առթիվ։ Սա արժեզրկում է մնացած ամեն ինչ։ Երբ խաղաղության կոչեր են հնչում, արդյո՞ք եվրոպացիները կոչ են անում Բաքվին ազատ արձակել գերիներին։ Այնպիսի տպավորություն է, որ Եվրոպայի ողջ քաղաքականությունը հանգում է հակառուսական գործընթացների։ Արդյո՞ք նրանք խոսում են Հայաստանի ղեկավարության հետ քաղբանտարկյալների աննախադեպ թվի մասին։ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումների և հոգևորականների ձերբակալությունների մասի՞ն։ Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի մասի՞ն։ Մենք եկել ենք այստեղ՝ բարձրացնելու այս հարցերը։ Եվրոպայի հետ հարաբերությունները պետք է լավ լինեն, բայց դրանք պետք է բխեն Հայաստանի շահերից և ապագայում պատճառ չդառնան հայերի դեմ նոր ցեղասպանության ու էթնիկ զտումների համար»,- նշում էին ելույթ ունեցողները։

Ելույթները հնչել են հայերեն և անգլերեն լեզուներով, իսկ ակցիան ինքնին շարունակվել է հորդառատ անձրևի տակ։