Ավելի քան 30 տարի է ինչ պայքար մղվում հանուն արդարության և այն բանի, որ Եվրոպական միությունը չմոռանա իր առաքելության մասին։ Այս մասին մայիսի 4-ին Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման օրը, բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:
«Ամոթ։ Ձեր անունը մնալու է որպես արյունոտ Ուրսուլա։ Չմոռանաք՝ ձեր անունը միայն այդպես է հիշեցվելու, որովհետև մինչ այսօր դուք ծառայում եք միայն ու միայն այն կենտրոններին, որոնք ձեզ վճարում են, և դուք ոչ թե ձեր աչքերն եք փակել, այլ՝ հոգիները։ Դուք մինչ այսօր չեք կարողանում ճշմարտությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղում», - նշել է Ալավերդյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստել էին հայտարարության տեքստ, որը պետք է փոխանցվեր գագաթնաժողովի մասնակիցներին, սակայն տեղում հերթապահող ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել դա անել։
Ակցիայի մասնակիցներից մեկն իր հերթին հայտարարել է, որ իրենց նպատակը Լեռնային Ղարաբաղի իրական պատկերը ցույց տալն է՝ Ադրբեջանի կողմից դրա օկուպացումից հետո։
Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմից հետո Արցախում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, մինչ օրս հայկական մշակութային ժառանգության դեմ վանդալիզմի ավելի քան 1000 դեպք է գրանցվել։ Եղած տեղեկությունների համաձայն՝ այսպես կոչված կովկասյան թաթարների հետնորդները հիմնահատակ ոչնչացրել են հայկական 7 եկեղեցի և 15 գյուղ։ «Գրեթե ամբողջությամբ քանդվել է Ստեփանակերտի պատմական թաղամասը, որի տեղում կառուցվել է այսպես կոչված «Հաղթանակի զբոսայգին»։ Պատմական թաղամասեր են ոչնչացվել նաև Շուշիում և Հադրութում»,- հայտնել է ակցիայի մասնակիցներից մեկը։





























