Աշխարհի ամենահայտնի դինոզավրի գանգերից մեկը, տասնամյակներ տևած գիտական և քաղաքական վեճերից հետո, վերադառնում է Բրազիլիա։ Խոսքը վերաբերում է Irritator challengeri-ի գանգին՝ մոտ 113 միլիոն տարվա հնության գիշատիչ սպինոզավրիդի, որը 1990-ականների սկզբից պահվում էր Գերմանիայի Շտուտգարտի պետական բնագիտության թանգարանում։
Գանգը թանգարանը ձեռք է բերել 1991 թվականին, և այն շուտով սենսացիա է դարձել․ հնէաբանները պարզել են, որ դա այդ պահին ամենաամբողջական սպինոզավրիդի գանգն էր՝ խոշոր մսակեր դինոզավրերի խմբից, որին հետագայում դասվեց նաև հայտնի Spinosaurus-ը։ 1996 թվականին նոր սեռը ստացել է Irritator («Գրգռիչ») անվանումը, քանի որ գիտնականներին շատ էր զայրացրել այն, որ վաճառողները արհեստականորեն փոխել էին բրածոյի դնչի ձևը։ challengeri տեսակի անվանումը հղում էր Արթուր Քոնան Դոյլի «Կորուսյալ աշխարհը» վեպի պրոֆեսոր Չելենջերին։
Սակայն գրեթե անմիջապես հարցեր են առաջացել գտածոյի ծագման վերաբերյալ։ Համարվում է, որ գանգը Բրազիլիայից դուրս է բերվել ապօրինի։ Բրազիլիայի 1942 թվականի օրենսդրության համաձայն՝ երկրում հայտնաբերված բոլոր բրածոները պատկանում են պետությանը, իսկ 1990 թվականից դրանց արտահանումը հնարավոր է միայն հատուկ թույլտվությամբ և բրազիլական գիտական հաստատությունների մասնակցությամբ։
Irritator-ի պեղումների և արտահանման ճշգրիտ ամսաթիվը մինչ օրս անհայտ է, ինչը երկար տարիներ վեճեր էր առաջացնում գտածոյի իրավական կարգավիճակի շուրջ։ Վերջին տարիներին Բրազիլիայում ակտիվորեն պահանջում էին բրածոն վերադարձնել հայրենիք։ Վերադարձի կոչով բաց նամակը ստորագրել են աշխարհի տարբեր երկրներից 263 մասնագետներ, իսկ առցանց խնդրագիրը հավաքել է ավելի քան 34 հազար ստորագրություն։
Մայիսին Գերմանիայի և Բրազիլիայի կառավարությունները պաշտոնապես հայտարարել են, որ Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասը և Շտուտգարտի թանգարանը համաձայնել են բրածոն փոխանցել Բրազիլիային։ Բրազիլացի գիտնականները դա անվանել են մեծ հաղթանակ մշակութային և գիտական ժառանգության վերադարձի համար մղվող պայքարում։
Հնէաբան Ալին Ժիլարդին հայտարարել է, որ Irritator-ի վերադարձը երկրի համար ունի ոչ միայն գիտական, այլև խորհրդանշական նշանակություն։ Հետազոտողների խոսքով՝ այս դեպքը դառնում է «նեոգաղութատիրական» գործելակերպերի վերանայման ավելի լայն միտման մաս, երբ կարևոր գտածոները տասնամյակներով ուսումնասիրվում և ցուցադրվում էին ծագման երկրներից դուրս։
Միևնույն ժամանակ որոշ մասնագետներ նշում են, որ համատեղ հայտարարության մեջ օգտագործվում է «փոխանցում», ոչ թե «վերադարձ հայրենիք» ձևակերպումը, ինչը, նրանց կարծիքով, մեղմացնում է դուրսբերման հնարավոր անօրինականության հարցը։
Irritator-ի վերադարձը տեղի է ունենում մեկ այլ բարձրաձայն վերադարձից կարճ ժամանակ անց․ 2023 թվականին Գերմանիան արդեն վերադարձրել էր Բրազիլիային Ubirajara դինոզավրին՝ գիտնականների միջազգային արշավից հետո։





























