Պլան Բ ունի հայ ժողովուրդը։ Այս մասին մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով ընտրությունների՝ քաղաքական ուժի համար հնարավոր բացասական արդյունքների մասին հարցին։
«Ես մենակ ի՞նչ կարող եմ անել։ Հայ ժողովուրդն ունի բոլոր պլանները», - նշել է Կարապետյանը՝ ընդգծելով, որ ակնկալում է բացարձակ հաղթանակ և վստահ է դրանում։ Նրա խոսքով՝ այս տեսակետը հիմնված է ոչ միայն սոցհարցումների, այլև Նիկոլ Փաշինյանի կուսակցության բացառիկ ցածր վարկանիշի վրա, ինչի մասին լրատվամիջոցները քաջատեղյակ են։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն անում է առաջին քայլը և ընտրություններին մասնակցում է օրինական ճանապարհով՝ բացառելով իր կողմից որևէ տեսակի խախտում։ «Բայց դուք տեսնում եք մեր դեմ կիրառվող բոլոր ապօրինությունները»,- նշել է Կարապետյանը։ Քաղաքական գործիչը փաստել է, որ իշխանություններն այլևս ընտրություն չունեն, քանի որ 25 տոկոսանոց աջակցությամբ չեն կարող իշխանության գալ Հայաստանում։ «Ընտրություններից հետո ես լինելու եմ վարչապետ, եկեք անիմաստ բաներ չքննարկենք», - հավելել է Կարապետյանը
Անդրադառնալով հնարավոր կեղծիքների վերաբերյալ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, Կարապետյանը հիշեցրել է, որ Տեր-Պետրոսյանը փորձառու քաղաքական գործիչ է և, ճանաչելով Փաշինյանին, ունի որոշակի մտահոգություններ։ «Բայց մենք առաջ ենք շարժվելու մեր սեփական օրակարգով։ Կարիք չունենք մասնակցելու ուրիշների օրակարգերին. գնում ենք դեպի բացարձակ հաղթանակ և վստահ ենք, որ այդ օրը կգա՝ կստանանք հաղթողի մանդատն ու կձևավորենք կառավարություն»,- հայտարարել է Կարապետյանը։
Ընտրություններից հետո փողոցային ակցիաների մասին հարցին ի պատասխան՝ ասել է, որ ներկայումս պետք չէ քննարկել, թե ինչ կլինի ընտրություններից մեկ կամ հինգ ամիս անց։ «Կենտրոնանանք ընտրությունների վրա, հիմա պետք է այդ մասին մտածել։ Իմացեք, որ մենք պատրաստ ենք ցանկացած քայլի, ավելին ասել չեմ կարող», - հայտնել է Կարապետյանը։











