Իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տվել է երկրի Հարավից։
Խորհրդանշական է, որ քարոզարշավը մեկնարկել է Իրանի և Ադրբեջանի սահմանակից Սյունիքի մարզից, որը, իշխանությունների գնահատմամբ, առաջիկայում կարող է վերածվել միջազգային բեռնափոխադրումների կարևոր հանգույցի՝ պայմանավորված այսպես կոչված TRIPP նախագծով (Դոնալդ Թրամփի ձևակերպմամբ) կամ «Զանգեզուրի միջանցքով» (Իլհամ Ալիևի ձևակերպմամբ)։
Երեկ Փաշինյանը տեղեկացրել է, որ գտնվելու է արձակուրդում ողջ քարոզարշավի ընթացքում և իր թիմի հետ է լինելու բնակչության հետ հանդիպումների ժամանակ: Ըստ ծրագրի՝ մայիսի 8-ին և 9-ին Սյունիքի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի հանդիպումներ են նախատեսվում Գորայք, Անգեղակոթ, Բռնակոթ, Սիսիան, Կոռնիձոր, Տեղ, Խնձորեսկ, Գորիս, Շինուհայր, Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան համայնքներում, որտեղ նախատեսվում է մեծ հավաք Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում։
Գորայքում Նիկոլ Փաշինյանը այսօր ելույթ ունեցավ կիսադատարկ հրապարակի առջև, ինչի մասին վկայում է տեսանյութը, որը տեղադրված է հենց Փաշինյանի սոցիալական ցանցերում:
Կիսադատարկ հրապարակի փաստը որևէ կերպ չմեկնաբանած Փաշինյանը որոշեց հիմնական ելույթից առաջ մեկնաբանել ծափերի բացակայության հանգամանքը: «Նախ ողջունում եմ բոլորիդ: Եվ այսպես քարոզարշավի առաջին կետն է: Ես այն օրը արձանագրել եմ մի բան Գյումրիում: Ֆրանսիայի նախագահի հետ, որ գնացել էինք Գյումրի, դե ընդհանրապես ավանդույթը, տեսաք մարդիկ ինձ շատ- շատ բուռն են ընդունում, մեկ հարց մոտս ծագեց, ասեցի մարդիկ ինչի՞ չեն ծափ տալիս, չէ ՞որ անընդհատ սենց բացականչություններ են անում, բայց ծափ չեն տալիս: Մեկ էլ հասկացա, որովհետև բոլորի մի ձեռը օդում է, հիմա հետևաբար սա էլ է կյանքի հետաքրքիր փոփոխություն, ծափը որպես ժանր դուրս է գալիս, որովհետև մարդկանց մի ձեռը պարտադիր զբաղված է բջջային հեռախոսով, բայց ես առաջարկում եմ քարոզարշավի առաջին օրը մի հատ գրպանը դրեք բջջայինները և ծափերով ողջունենք իրար, ըհը, այ սա հասկացա»:
Հատկանշական է, որ քարոզարշավի ընթացքում, շրջելով գյուղում Փաշինյանը «նախընտրական» թխվածքաբլիթներ բաժանեց հանդիպած երեխաներին, անգամ բացել տվեց դպրոցի պատուհանը, ճշտեց դասարանում ներկա երեխաների թիվը, որոնց էլ թխվածքաբլիթներ բաժանեց:
Գորայքում քարոզարշավի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը խոսեց ինչպես համայնքային խնդիրների, այնպես էլ իշխանության հիմնական քաղաքական ուղերձի՝ «խաղաղության օրակարգի» մասին։ Վարչապետը բնակիչներին խոստացավ փուլային լուծումներ ճանապարհների, փողոցների և այլ ենթակառուցվածքային խնդիրների համար՝ դրանք կապելով սուբվենցիոն ծրագրերի և բյուջետային եկամուտների աճի հետ։
Փաշինյանը անդրադարձավ նաև կաթի մթերման խնդրին՝ հայտարարելով, որ կառավարությունը պատրաստվում է ընդունել կաթի գնի սուբսիդավորման ծրագիր։ Միաժամանակ նա ընդգծեց, որ ավանդական անասնապահությունն այլևս մրցունակ չէ և անհրաժեշտ է անցում կատարել «խելացի անասնագոմերի», որտեղ կաթը կարտադրվի ժամանակակից չափանիշներով։ Նրա խոսքով՝ նման պայմաններում արտադրված կաթի գինը չի իջնում 200 դրամից։
Ելույթում վարչապետը խոսեց նաև թոշակների բարձրացման և անկանխիկ վճարումների «քեշբեք» ծրագրի մասին՝ նշելով, որ դրանք ավելացրել են բազմաթիվ ընտանիքների եկամուտները։
Առանձին շեշտադրում արվեց ՀԴՄ կտրոնների թեմայի վրա։ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է լուծել համայնքի խնդիրները, եթե քաղաքացիները յուրաքանչյուր գնում կատարելիս պահանջեն ՀԴՄ։ Նրա խոսքով՝ հարկերից խուսափելու հետևանքով պետբյուջեն տարիներ շարունակ մեծ կորուստներ է կրել, ինչն էլ դարձել է բազմաթիվ խնդիրների պատճառ։
Ելույթի ավարտին Փաշինյանը խոսեց «խաղաղության օրակարգի» մասին՝ հայտարարելով, որ Հայաստանում արդեն հաստատված է խաղաղություն, սակայն այն «նորածին երեխայի» նման խնամքի կարիք ունի։ Նա ընտրողներին կոչ արեց «տեր կանգնել խաղաղությանը» և 2026 թվականի ընտրություններին քվեարկել «16» համարի օգտին։











