Հայաստանում կառավարման ներկայիս համակարգը, որը հիմնված է որոշումների միանձնյա կայացման վրա, պետությունը խոցելի է դարձնում արտաքին ճնշումների համար և զրկում սեփական շահերն արդյունավետ պաշտպանելու հնարավորությունից։ Այսօր՝ մայիսի 8-ին, նախընտրական քարոզարշավի առաջին օրը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Ըստ քաղաքական գործչի՝ «One Man Show»-ի հայեցակարգն իրեն սպառել է. երբ ամբողջ երկրի ճակատագիրը որոշում է մեկ մարդ, արտաքին խաղացողներին բավական է ճնշում գործադրել միայն նրա վրա՝ ցանկացած զիջման հասնելու համար։

Մարուքյանն ընդգծել է, որ «Լուսավոր Հայաստանը» գիտակցաբար չի առաջադրում վարչապետի իր թեկնածուին մինչև ընտրությունները՝ դա համարելով «հիբրիդային օրակարգի» պարտադրած անիմաստ ձևականություն։ Փոխարենը կուսակցությունն առաջարկում է եվրոպական խորհրդարանական պետության մոդելը։ «Մեզ անհրաժեշտ է փոխզիջումային վարչապետ, որը չի ներկայացնում ո՛չ ներկայիս իշխանությունը, ո՛չ նախկինը և նրանց դրածոն չէ։

Միայն այն առաջնորդը, որի թիկունքում կանգնած է բազմակուսակցական կոալիցիա, կկարողանա վստահորեն «ոչ» ասել միջազգային բանակցություններում»,- նշել է Մարուքյանը։ Նա հավելել է, որ վարչապետը պետք է լինի ոչ թե «թագավոր», այլ խորհրդարանի առջև հաշվետու մենեջեր, ում աշխատանքից վատ աշխատանքի համար կարելի է հեռացնել ։

Քաղաքական գործիչը սահմանազատել է նաև իրական եվրոպական վեկտորը դրա իմիտացիայից։ Նա նշել է, որ չի կարելի անվերջ խոսել ԵՄ-ի մասին, քանի դեռ երկրի ներսում իրավապահ մարմինները կոծկում են հանցագործությունները կամ «մեղավորներ նշանակում» զոհերի մեջ։ «Եվրոպական մոդելն այն է, երբ մանկապարտեզներում կամ սահմանին տեղի ունեցած ողբերգությունների նման դեպքերում մեղավորները կրում են իրական պատասխանատվություն, այլ ոչ թե երբ իշխանությունը զբաղվում է «վիքթիմփլեյմինգով» (զոհին մեղադրելով)՝ պատճենելով բռնապետական ռեժիմների մեթոդները»,- եզրափակել է Էդմոն Մարուքյանը։