Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ, և նա կլինի երկրի հաջորդ առաջնորդը, եթե մենք բոլորս դա ցանկանանք։ Այս մասին Գորիսում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացներն են Սամվել Կարապետյանին ստիպել մտնել քաղաքականություն։
«Անցյալ տարի մի մարդ տարօրինակ գործընթացներ սկսեց։ Հայոց ցեղասպանության տարելիցի օրերին նա հարևան երկրին խոստացավ, որ ցանկանում է մոռանալ Ցեղասպանության մասին։ Դրանից հետո նա սկսեց անընդունելի հռետորաբանություն կիրառել Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, իսկ հետո սկսվեցին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հայտարարությունները։
Այնուհետև իշխանությունները հայտարարեցին, թե Հայաստանի անվտանգության երաշխավորները Ադրբեջանն ու նրա նախագահն են։ Այդ «անվտանգության երաշխավորը» երկու ամիս առաջ հայտարարեց. «Մենք պետք է վերադառնանք մեր հայրենի հողերը, բայց ոչ թե տանկերով, այլ մեքենաներով, և այդ նպատակի իրականացման ճանապարհին հիմնական պատասխանատվությունը կրում է պետությունը»։
Իսկ որտե՞ղ է նրանց պատմական հողը. Ալթա՞յը։ Մեզ ասում են, թե Արևմտյան Հայաստանը մերը չէ, ասում են՝ Արցախը մերը չէ, Գորիսն անվանում են «Գորուս» ու ասում են, թե դա էլ մերը չէ։ Ինչքան շատ ենք մենք զիջում, այնքան ավելի է բացվում նրանց ախորժակը։ Մենք նահանջելու տեղ չունենք։ Այդ մարդն (խմբ.՝ Ալիևը) ամենակարող չէ. Ադրբեջանն իր հզորությամբ աշխարհում 80-րդ տեղում է։ Դա այն երկիրը չէ, որը պետք է մեզ վրա մատ թափ տա», - ընդգծել է Կարապետյանը։
Նա հավելել է, որ տարածաշրջանում կան բազմաթիվ երկրներ, որոնց ձեռնտու է ուժեղ Հայաստանը, այդ թվում՝ դա ձեռնտու է նաև Իրանին։
Փոփոխություն է պետք, որը ըստ հարցումների՝ պետք է լինի ոչ ներկայից, ոչ նախկինից։











