Շատ ոգևորիչ է, բազմաթիվ մարդիկ աջակցության խոսքեր են ասում և շատ ջերմ են ընդունում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 12–ին, Երևանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի շնորհապետական կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը։
«Ինձ համար էլ է սա առաջին փորձը ու շատ դրական եմ գնահատում որպես առաջին փորձ և ուղղակի պարտավորված եմ ինձ զգում հայ ժողովրդի ընդունելությամբ։
Քաղաքացիները բազմաթիվ խնդիրներով են դիմում, առաջին հիմնական հարցը արդարության պակասն է և այդպես էլ արդարությունը չվերականգնվեց Հայաստանի Հանրապետությունում։ Ակնկալիքներ կային, ցանկություններ և երազանքներ կային, որ չիրականացան։ Սոցիալական խնդիրներն են բազմաթիվ շատ, աշխատատեղերի հարցն է, անընդհատ գահավիժող և արժեզրկվող դրամը, գնողունակության անկումը։ Հարցերը ահռելի են։
Ցավ ենք ապրում, որ վերջին ութ տարիների ընթացքում աղետի եզրին հասցրած Հայաստանը մեծ ցատկերով առաջ չգնաց, պրոբլեմների մեծ մասը մնացել է»,–ասաց նա։
Հարցին՝ ակնկալիք ունե՞ն, որ իրենց կուսակցությունը կհայտնվի հաջորդ խորհրդարանում, Գուրգեն Սիմոնյանը պատասխանեց. «Հույս ունենք և մեր ժողովրդի աջակցությունը նկատի ունենալով մենք հավակնում ենք անգամ հաղթանակի և աշխատում ենք հաղթանակի համար։ Մնացածը ինչպես մարդիկ կցանկանան, քաղաքացիները կցանկանան։ Մենք ունենք եզակի հնարավորություն, անպայման գնացեք ընտրություններին, եկեք 91 թվականից ի վեր աննախադեպ մասնակցայնության ցուցանիշ գրանցենք ամբողջ ազգով»։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7–ին։ Քարոզարժամը մեկնարկել է մայիսի 8–ին և կտևի մինչև հունիսի 5–ը ներառյալ։











