Ջազ լսողների թիվը տարեցտարի աճում է: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին` Ջազի միջազգային օրը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայտնի ջազմեն Լեւոն Մալխասյանը: Նրա խոսքով` ակումբները, ինչպես բազմաշատ էին, այնպես էլ այժմ, ոչ մի բան չի փոխվել: «Ջազ լսողների լսարանում ոչ մի բան չի փոխվել, անցյալ դարի 60-ական թվականներին ովքեր լսում էին, նրանք այժմ էլ լսում են»,- ասաց ջազմենը: Լեւոն Մալխասյանը վստահ է, որ ջազը միշտ կունենա պահանջարկ եւ լսարան:
Իսկ թե ովքեր են Հայաստանում ջազ լսողները, նրա խոսքով, ջազը տարիք չի հարցնում` երիտասարդներ, միջին սերունդ, մեծահասակներ եւ այլք:
Ի դեպ, նրանք այժմ ակտիվորեն պատրաստվում էին ժամը 20.00-ին Կասկադում սկսվող համերգին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 30-ին ամբողջ աշխարհում կնշվի Ջազի միջազգային օրը. տոնին ընդառաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել էր հայտնի հայ ջազմեններին:
Նրա նախաձեռնությամբ Ջազի միջազգային օրվան նվիրված մեծ նվեր կմատուցվի մայրաքաղաքի երաժշտասերներին: Ջազի սիրահարները ապրիլի 30-ին, ժամը 20:00-ից մինչեւ ուշ գիշեր, Կասկադ համալիրի հարակից տարածքում հնարավորություն կունենան ջազի հայ վարպետների կատարմամբ ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործությունները:




























