2018 թվականին ես ասում էի, որ անհատ տաքսիստների համար պետք է հանենք այդ արտոնագրային վճարը, որովհետև տրամաբանությունն այն էր, որ բոլորը սկսելու են էլեկտրոնային տարբերակով աշխատել, որովհետև ըստ էության դա մեռնող տեսակ էր։ Այս մասին մայիսի 14-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ տաքսիստի հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Նա հիշեցրել է, որ 2018 թվականին իշխանությունները տուրքերի և տուգանքների համաներում են հայտարարել ոչ միայն տաքսիստների, այլև բոլոր վարորդների համար։ Նրա զրուցակիցն իր հերթին հայտնել է, որ 2018 թվականին իր մեքենան կանգնեցրել են, տարել տուգանային հրապարակ և տուգանել 163 հազար դրամի չափով։

Փաշինյանն առաջարկել է ֆիքսել տաքսիստի տվյալները, արխիվից գտնել տեղեկատվությունը և հասկանալ պատճառները։