Դեռ նախընտրական քարոզարշավից առաջ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր այս հարցին, և մենք խիստ հանձնարարականներ էինք տվել։ Կոնկրետ այս դեպքի համար քննություն է սկսվել, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Այս մասին մայիսի 14-ին՝ նախընտրական քարոզչության ժամանակ, հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը (որն այժմ արձակուրդում է)՝ անդրադառնալով դասաժամերին ուսուցիչների և աշակերտների մասնակցությանը իշխող ուժի քարոզարշավին։
Նա պարզաբանեց, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ինչպես նաև Արագածոտնի մարզպետարանին՝ պարզաբանումներ ստանալու համար, ինչից հետո էլ կկայացվեն համապատասխան որոշումներ։ «Եթե խաթարվել է ուսումնական գործընթացը, և ուսուցիչներն իրենց կամքով են եկել, ապա կկիրառվեն կարգապահական տույժեր։ Իսկ եթե դա եղել է կազմակերպված ու հարկադրաբար, ապա հարցին իրավական գնահատական կտան իրավապահները։ Թող բոլոր մանրամասներն ուսումնասիրվեն, և մեղավորները պատժվեն։ Մենք այստեղ որևէ խնդիր չունենք», - նշել է Հարությունյանը՝ անդրադառնալով նախօրեին բռնկված սկանդալին։
Նա հավաստիացրեց, որ որևէ կառույցի կողմից վարչական ռեսուրս կիրառելու նույնիսկ ակնարկ չի եղել։ «Մենք խստորեն հետևում ենք դրան։ Քարոզարշավին մասնակցող բոլոր պաշտոնյաներն արձակուրդում են։ Մենք նպատակ չունենք ուսուցիչներին կամ պաշտոնյաներին բերել քարոզչության, եթե նրանք չեն եկել սեփական կամքով։ Պետք չէ մեկ օրինակով ընդհանրացումներ անել։ Գործող իշխանությունները քաղաքական կամք ունեն դա թույլ չտալու համար և պայքարում են բոլոր հնարավոր միջոցներով», - ընդգծել է Արայիկ Հարությունյանը։











