Երևանի Աջափնյակ թաղամասի բակերից մեկում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ իրավիճակը լարվեց, վեճ սկսվեց բնակիչներից մի քանիսի և ՔՊ–ականների ու նրանց ջակիցների միջև։

Անվասայլակով մի տղամարդ հայհոյեց ՔՊ–ին քննադատող բնակիչներին, իսկ ՔՊ–ի մյուս աջակիցները փորձում էին հանդարտեցնել տղամարդուն։

ՔՊ–ի դեմ հանդես եկող կինն ու տղամարդը հեռախոսով տեսանկարահանում էին տեղի ունեցողը։ Նրանցից մեկը Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) անդամ Հերմինե Մկրտչյանն է, ով ԱԺԲ–ի ընտրական ցուցակի 4–րդ հորիզոնականում է։

«Գնա Բաքվում ապրի, եկել ես այստեղ պրովոկացիա ես անում։ Գնացեք այստեղից»,–ասաց ՔՊ–ին կողմ հանդես եկող բնակիչներից մեկը։

Սրան ի պատասխան Հերմինե Մկրտչյանն ասաց. «Մենք ձեզ, որպես Նիկոլ Փաշինյանի աջակիցներ, ասում ենք, որ եթե դուք այս անգամ էլ սխալվեցիք ու ընտրեցիք Նիկոլ Փաշինյանին, վաղը մյուս օրը, ինչպես ասում էր՝ «Արցախը Հայաստան է», այդպես էլ Սյունիքն է հանձնելու, ադրբեջանցիներին բերելու են վերաբնակեցնեն։ Թուրքերը հիմա Ջերմուկում նստած են, ՊՆ–ն ասում էր՝ կսովածանան, կհեռանան, հեռացա՞ն։ Ալիևի ու Էրդողանի կամակատարներն եք դուք»։

Նրան ուղեկցող տղամարդն էլ դիմելով ՔՊ–ի աջակիցներին՝ ասաց. «Ձեր տեսակը հանձնող է, հող հանձնող ա, ձեր ճակատին դա գրված է։ Մեր նմանները հողը պահել են, ձեր նմանները հանձնել են»։

Սրան արձագանքեց ՔՊ–ի աջակիցներից մեկը. «Ձեր նմանները սրիկա են, հանձնող են, մեր նմանները սարքող են, արա»։

«Արայով գնա վարչապետիդ հետ խոսա»,– հնչեց պատասխանը։

«Ձեր նիկոլը հանձնող ա, հանձնել ա 2020–ին, 2021–ին, 2023–ին, 2026–ին էլ դեռ կտեսնենք՝ ինչ է անելու, եթե ընտրվի»,–ասաց Հերմինե Մկրտչյանը, ինչին անվասայլակում գտնվող տղամարդը հակադարձեց. «Վերջում էլ մորդ են հանձնելու թուրքերը, պրծնենք»։

Հերմինե Մկրտչյանը NEWS.am–ի թղթակից հետ զրույցում նշեց. «Ալիևի հայտարարությունները լսե՞լ եք, ԱլիևըՀայաստանին դատի էր տվել ու 150 միլիարդ դոլար փող է պահանջում միջազգային ատյաններում, որովհետև գտնում է, որ հայ ժողովուրդը օկուպանտ է, Արցախը օկուպացրել է։ Վաղը մյուս օրը ինչպե՞ս է 150 միլիարդը Նիկոլը վճարելու։ Պարզ է չէ, որ փողով չի կարող վճարել, տարածք է տալու։ Սյունիքը կտա, հետո կասի՝ կներեք ժողովուրդ ջան, չէինք կարող, որպեսզի ձեր զավակներին չզոհենք, ստիպված պիտի հանձնենք, Սյունիքն էլ հանձնենք։ Առանց էդ էլ ճանապարհ է տվել թուրքերին։

Վեճը առաջացավ նրանից, որ ես Նիկոլ Փաշինյանին մոտեցել եմ, ասում եմ՝ ես Արցախի հարցը փակող չեմ, որովհետև իմ եղբայրը զոհվել է Արցախի հողի վրա։ Դուք որպես Ալիևի կամակատար կարող եք փակել Արցախի հարցը, բայց ժողովուրդը դրան համաձայն չէ։ Ասում է՝ ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հունիսի յոթին ժողովուրդը կպատասխանի այդ հարցին։ Հիմա հուսամ՝ հունիսի 7–ին ժողովուրդը միահամուռ կգնա և Նիկոլ չի քվեարկի, որովհետև քվեարկել Նիկոլ Փաշինյանին նշանակում է վաղը մյուս օրը ապրել ադրբեջանցիների հետ։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, դա նշանակում է, որ մենք նորից տարածքային կորուստ ենք ունենալու»։