Ո՛չ, դա ինձ չի անհանգստացնում։ Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա մտահոգված չէ, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է գործի դրվել Հայաստանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների պաշտպանության համար»։
Լրագրողը հղում է արել Ռուսաստանի Պետական դումայի կողմից նախօրեին ընդունված օրենքին, որը նախագահին իրավունք է վերապահում օգտագործել ռուսական բանակը՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար այն դեպքերում, երբ նրանք ձերբակալվում կամ դատական հետապնդման են ենթարկվում օտարերկրյա այնպիսի դատարանների կողմից, որոնց իրավազորությունը Մոսկվան չի ճանաչում։
Փաշինյանը հավելել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, անկախ Ռուսաստանի օրենքներից, պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակներում։
Նա նաև նշել է, որ եղել են դեպքեր, երբ մարդիկ ձերբակալվել են Ռուսաստանի հարցման հիման վրա, ինչպես նաև դեպքեր՝ երբ ձերբակալությունները եղել են ԱՄՆ-ի հարցմամբ։
«Եղել են արտահանձնման դեպքեր, եղել են նաև իրավիճակներ, երբ նման հարցումները մերժվել են։ Պատահում է նաև, որ նույն անձը միաժամանակ հետախուզվում է մի քանի երկրների կողմից»,- ընդգծել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ երբ որևէ բլոգերի կամ ակտիվիստի ձերբակալության շուրջ աղմուկ է բարձրանում, նման դեպքերը կարգավորվում են։ «Եթե տվյալ անձը հետախուզման մեջ է, իրավապահները պարտավոր են գործել համապատասխան նորմերի շրջանակում և պարզել հետախուզման պատճառները»,- եզրափակել է Փաշինյանը։











