«Ապրելով «կապույտ մարգարտի»՝ Սևանի կողքին, մեր հայրենիքի ջրային ռեսուրսների կենտրոնում, մարդիկ իրավունք չունեն աղքատության մեջ գտնվելու, և այն ռեսուրսները, որ մեզ տվել է Աստված, պետք է ծառայեն տարածաշրջանի բարգավաճմանը»։ Այս մասին մայիսի 15-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Քաղաքական գործիչը խիստ քննադատության է ենթարկել երկրի ներկայիս կառավարումը՝ նշելով, որ պետության ղեկավարումը պարզապես բյուջետային միջոցներ վատնելը չէ, այլ գործարարներ ներգրավելն ու պայմանավորվածությունների հասնելը՝ հանուն տնտեսության զարգացման։ Կարապետյանն ընդգծել է, որ այսօր ուսուցիչները ստանում են չնչին՝ 100-110 հազար դրամ աշխատավարձ, ընդ որում՝ միայն յուրաքանչյուր չորրորդն է անցնում ատեստավորում։ Ի հակադրություն դրա՝ նա ներկայացրել է դաշինքի ծրագրի առանցքային կետը․ հինգ տարվա ընթացքում Սամվել Կարապետյանը կապահովի ուսուցիչների և բուժաշխատողների աշխատավարձերի 2,5-ապատիկ աճ։
Նարեկ Կարապետյանը պարզաբանել է այս խոստման իրականացման մեխանիզմները՝ ընդգծելով, որ արդեն առաջին տարվանից մանկավարժների աշխատավարձերը տարեկան կբարձրացվեն 25 տոկոսով։ Նրա խոսքով՝ պետական բյուջեում անհրաժեշտ միջոցները կան, սակայն այսօր դրանք անարդյունավետորեն ծախսվում են պաշտոնյաներին տրվող հսկայական պարգևավճարների վրա։ «Մենք պետք է այս ռեսուրսներն ուղղենք ամենակարևոր և միևնույն ժամանակ խոցելի խմբերին՝ ուսուցիչներին, որոնք դաստիարակում են մեր հասարակությանը, և բժիշկներին, որոնք պահպանում են մեր առողջությունը», - հայտնել է ցուցակի առաջնորդը։
Կարապետյանը նշել է, որ երկրին պետք է առաջնորդ, որը կարող է բազմապատկել ռեսուրսները՝ «նա, ով կարող է մեկը հարյուր սարքել, հարյուրը՝ հազար»։ Նա ընդգծել է, որ փորձառու ստեղծարար Սամվել Կարապետյանի ներուժը թույլ կտա արդյունավետ օգտագործել «Աստծո տված հնարավորությունները»՝ իրական տնտեսական թռիչքի և մարզերի զարգացման համար։
Հանդիպման ավարտին Նարեկ Կարապետյանը կոչ է արել Գեղարքունիքի բնակիչներին ընտրություն կատարել հօգուտ փորձառու ղեկավարների, որոնք ի վիճակի են տարածաշրջանի բնական հարստությունները վերածել յուրաքանչյուր ընտանիքի բարեկեցության։ Նա ընդգծել է, որ արժանապատվության և սոցիալական արդարության վերականգնումը սկսվում է այն մարդկանց աշխատանքի արժանի գնահատումից, ովքեր ձևավորում են ազգի մարդկային կապիտալը։ «Մեզ պետք է նա, ով կարող է կառուցել և զարգացնել», - ամփոփել է քաղաքական գործիչը։











