Մարդիկ մեկը մյուսի վրա ցեխ են շպրտում, մեկը մյուսին վիրավորում է, հայհոյում է․ ժողովուրդը հոգնել է, ժողովրդին դա պետք չէ։ Ժողովուրդն ուզում է, որ իր մասին մտածող լինի, մատից փուշ հանող լինի։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Արագածավանում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա նշել է, որ իշխանափոխությունից հետո ներկայիս իշխող թիմը ոչ մի խոստում չի կատարել։ «Ես հեղափոխության ժամանակ հրապարակում էի, կանգնած էի ժողովրդի կողքին, հարցնում էի՝ ո՞ւմ եք ուզում, ասում էին՝ «Նիկոլ Փաշինյանին»։ Բայց այդ ժամանակվանից նա իր տված խոստումներից ոչ մեկը չի կատարել», — հայտարարել է Ծառուկյանը։
Նա նշել է, որ իշխանություններն աընդհատ խոսում են դպրոցներ կառուցելու և ճանապարհներ ասֆալտապատելու մասին, սակայն, չնայած նոր դպրոցներին ու նոր ճանապարհներին, Հայաստանի գյուղերն այսօր դատարկվում են։ «Եթե նախկինում դպրոցում 800 երեխա կար, հիմա 300-ն են սովորում, 200-ը հեռացել են, որովհետև պայմաններ չկան։ Աշխատանք չկա, գյուղերը քանդվում են», — հայտարարել է ԲՀԿ առաջնորդը։
Նա գործող իշխանություններին կոչ է արել հայտարարել, թե էլ ինչի են հասել կառավարման 8 տարիների ընթացքում։ «Ի՞նչ է արվել ժողովրդի համար։ Աշխատավարձերը բարձրացե՞լ են, աշխատատեղեր բացվե՞լ են։ Ղարաբաղը հանձնեցին, շարունակում են հանձնել ու դեռ էլի են հանձնելու»,- հայտարարել է Ծառուկյանը։ Նա նշել է, որ իշխանությունները խոսում են Եվրոպայից միջոցներ ներգրավելու մասին, սակայն, թե երբ այդ միջոցները կհասնեն Հայաստան և արդյոք կհասնեն, մեծ հարց է։ «Այսօր հենց Եվրոպայում է ճգնաժամ, իրենք չգիտեն՝ ինչպես լուծել սեփական խնդիրները»,- համոզմունք է հայտնել նա։
Մինչդեռ, ԲՀԿ-ն առաջարկում է իրական ծրագիր, պրոֆեսիոնալ թիմ, կապեր և հնարավորություններ՝ երկրի խնդիրները լուծելու համար։ «Մենք ունենք թիմ, ծրագիր, փորձ, կապեր, ցանկություն, և կարող ենք այդ ամենն անմիջապես կյանքի կոչել, որպեսզի գումարները ծառայեն նպատակին, ու մարդիկ դա զգան։ Իրենք ասում են, թե այսօրվա դրությամբ 8 միլիարդ է ծախսվել, բայց իրական կյանքում ոչինչ չի փոխվել. չկան աշխատատեղեր, չկա զարգացում։ «Երկրի զարգացման» մասին հայտարարությունները դատարկ խոսքեր են։ Այսօր մարդիկ ապրում են վարկերի, հարկերի ու տուգանքների ահռելի բեռի տակ։ Ոչինչ ճիշտ չի գործում, միջոցները նպատակային չեն ծախսվում»,- հայտարարել է նա։
Նա հավաստիացրել է, որ ԲՀԿ-ն կկատարի բոլոր խոստումները, քանի որ օդում խոսքեր չի շռայլում։ «Ես չեմ ասում մի բան, ինչը չեմ կարող անել։ Մենք լիովին պատրաստ ենք կյանքի կոչել սա. այսօր առողջապահությունը պետք է լինի անվճար, կրթությունը պետք է լինի անվճար՝ սա պարտադիր է»,- հայտարարել է նա։
Ծառուկյանն ընդգծել է, որ խաղաղությունը պետք է լինի իրական, այլ ոչ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածությունների տեսքով։ Նրա խոսքով՝ չի կարելի սահմանափակվել բանավոր համաձայնություններով. անհրաժեշտ է ամեն ինչ ներկայացնել գրավոր տեսքով, հրապարակել և ժողովրդին ցույց տալ, թե կոնկրետ ինչ է իրենից ներկայացնում այդ խաղաղությունը։
Նա նշել է, որ այսօր իրենց տղաները, զինվորները, ինչպես նաև, ըստ էության, նախագահներն ու գեներալները գտնվում են գերու կարգավիճակում, մինչդեռ իրենք իբր խաղաղություն են բերում սահմանագծի ողջ երկայնքով։ Հավելելով, որ նրանք սահմանի ողջ երկայնքով տեղակայված են ադրբեջանական զորքեր, որոնք էլ թելադրում են իրենց պայմանները։
Ծառուկյանի խոսքով՝ իրենք ապրում են մի իրավիճակում, երբ ստիպված են կատարել այն ամենը, ինչ իրենց կասեն ու կհրամայեն, հակառակ դեպքում՝ անմիջապես սպառնում են պատերազմով։ Նա հավելել է, որ նախկինում նման բան չի եղել։
Ծառուկյանը նաև հայտնել է, որ Ալիևը պահանջում է արագացնել գործընթացը՝ հայտարարելով, թե իր ժողովուրդը պետք է գա և բնակություն հաստատի Հայաստանում։ «Ալիևը խոստանում է, որ իրենք կգան ոչ թե տանկերով, այլ ավտոբուսներով, բայց եթե ինչ-որ մեկը նրանց նույնիսկ մի փոքր նեղացնի, Ալիևն անմիջապես զորք կբերի»,- հայտարարել է նա՝ մատնանշելով, թե ինչպիսի տեսք է ունենալու այն խաղաղությունը, որը խոստանում է գործող իշխանությունը։











