Քարոզարշավը վերջին օրերին մի քիչ թեժացավ, բայց դրա հիմնական պատճառը իշխոզ ուժի հիստերիան էր։ Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նրա խոսքով՝ իշխող ուժի նախընտրական քարոզարշավում սկսել են գերակշռել հայհոյանքներն ու վիրավորանքները, անպատասխանատու հայտարարություններն ու ագրեսիան։

«Այս պահվածքը ինքնավստահ ուժի, իր ուժերին հավատացող ուժի, 60 տոկոս ունեցող ուժի պահվածք չէ։ Սա մի ուժի պահվածք է, որը հասկանում է, որ հունիսի 7-ին կարող է իշխանությունը կորցնել, ու հենց այդ ուղով էլ գնում է»,- հայտարարել է պատգամավորը։

Նա նշել է, որ 2021 թվականի նախորդ ընտրություններում իշխող ուժը բազմաթիվ նախընտրական խոստումներ է տվել, սակայն դրանցից և ոչ մեկը չի կատարել։

«Ի՞նչ են նրանք արել անցած 5 տարիների ընթացքում։ Վերջին 5-6 ամիսը մի՛ հաշվեք, երկիրը չպետք է ապրի միայն ընտրությունից ընտրություն, թոշակները չպետք է բարձրանան միայն ընտրությունների նախօրեին։ Այսօր իշխանությունները խոստանում են չեղարկել այս կամ այն օրենքները, ներել քաղաքացիների տուգանքները, բայց ինչո՞ւ այս ամենը չի արվել անցած 5 տարիների ընթացքում։ Ի՞նչ անենք, 6 ամիսը մեկ ընտրություններ անե՞նք, որ մարդկանց համար մի բան անեք», - հարցադրումներով հանդես է եկել Վարդանյանը։  

Նա ընդգծեց, որ Հայաստանի ժողովուրդն արժանի է ավելիին, քան այնպիսի կառավարության, որը հիշում է ժողովրդին միայն ընտրությունից ընտրություն։

«Դուք արժանի եք կառավարության, որը պարբերաբար է թոշակներ բարձրացնում, որը աշխատատեղեր է ստեղծում, ճանապարհներ է կառուցում, բայց միևնույն ժամանակ նաև կապահովի ձեր անվտանգությունը։ Դուք արժանի եք մի կառավարության, որը Իլհամ Ալիևի կամակատարը չէ», - հայտարարեց պատգամավորը։

Վարդանյանը նշել է, որ վարչապետը վերջերս իր քարոզարշավի ժամանակ քաղաքացիներին ասել է, որ անձամբ է ստուգել վերջին տարիներին Հայաստանի կողմից ձեռք բերված զենքերը, և որ դրանք աշխատում են։ Դիմելով վարչապետին՝ պատգամավորը հավելել է. «Այ, Նիկոլ ջան, դու ախր զենք ստուգո՞ղ ես, դու զենքից հասկացո՞ղ ես, դու ՀՕՊ-ը հրետանիից տարբերո՞ղ ես։ Դու կարաս ճաշ ստուգես, դու կարաս խոզ խանձես։ Դու «Սու»-ն էլ էիր ստուգել, կրակեցի՞ն էդ Սու-երը»։

Նշելով, որ «Հայաստան» դաշինքն ունի բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, որոնք նախատեսված են նախընտրական ծրագրով՝ Վարդանյանն ընդգծել է, որ օգուտ «Հայաստան» դաշինքի տրված քվեն առաջին հերթին նշանակելու է այնպիսի իշխանության ընտրություն, որը չի պայքարի ազգային խորհրդանիշների ու ազգային ինքնության դեմ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին չի ազատի պաշտոնից հայկական ջարդերի մասին գիրք նվիրելու համար։

«Սա ձեր ընտրությունն է։ Մենք պետք է կանգնեցնենք հայկական ինքնության դեմ ուղղված այս արշավը, որն իրականացվում է հենց ձեր իսկ փողերով։ Ձեր իսկ վճարած հարկերով նրանք պայքարում են ձեր դեմ։ Եվ սրան մենք պետք է վերջ դնենք հունիսի 7-ին»,- հայտարարել է նա։