Նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթը ցույց տվեց, որ բոլոր մասնակիցներից միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն են խախտում էթիկական նորմերը, իսկ մյուս ուժերը գործում են կառուցողականության շրջանակում։ Այդ մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
«Շատ ցավալի է, որ այսօր մենք բոլորս ականատես դարձանք իշխող ուժի կողմից էթիկական նորմերի խախտման հերթական դրսևորումներին, երբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցուցադրում էր տարբեր գրություններով ներքնազգեստ։ Սկզբում հարց առաջացավ՝ ինչի հետ է դա կապված։ Պատասխանը երկար սպասել չտվեց։ Մի քանի ժամ անց Կենտրոն համայնքում ընտրողների հետ զրույցի ընթացքում Փաշինյանը խոստովանեց, որ մտադիր է Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին»,- հայտարարել է Տոնոյանը։
Նա նշել է, որ իշխող ուժի ներկայացուցիչների նախաձեռնած ամբողջ այս խեղկատակությունը իրականում նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ավելի կարևոր գործընթացներից՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի հատվածը հանձնելու իշխանությունների մտադրությունից։ Նա ենթադրել է, որ Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածությունը, ըստ ամենայնի, արդեն ձեռք է բերվել, և մոտ ապագայում պետք է սպասել Հայաստանի հերթական միակողմանի զիջումներին՝ հայկական տարածքը Ադրբեջանին որպես նվեր հանձնելու տեսքով։ «Տիգրանաշենի հանձնումը Հայաստանի համար կհանգեցնի սարսափելի հետևանքների, որովհետև դե ֆակտո դա մեր երկիրը կբաժանի երկու մասի։ Ցանկացած սթափ մտածող մարդու համար սա բացարձակապես անընդունելի է»,- հայտարարել է Տոնոյանը։











