Կան ուսանողներ, կան դասախոսներ, որոնք ենթարկվում են ճնշումների։ Այդ ուսանողներն ու դասախոսները իրականում մեղավոր չեն։ Խնդիրն այն մարդկանց մեջ է, ովքեր նրանց ենթարկում են ճնշումների։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, հանրային քննարկման ընթացքում հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցությունից Հայաստանի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

«Եվ այստեղ հստակ գործող համակարգը վերևի մակարդակից իջնում է ներքև։ Օրինակ՝ այսօր ես տեսա, թե ինչպես էր առողջապահության նախարարն այս ձայնագրության առնչությամբ ասում, որ իրավապահ մարմինները հետաքննում են, և եթե նման դեպքեր լինեն, կպատժեն։

Հարց է առաջանում՝ միանգամից բարդում են իրավապահ մարմինների վրա, որպեսզի իրավապահ մարմինները հետաքննեն և պատժեն նրանց, ովքեր ենթարկվում են ճնշումների։ Պատժում են ոչ թե նրանց, ովքեր ճնշում են գործադրում, և սա շատ կարևոր է, այլ նրանց, ովքեր ենթարկվում են ճնշումների։ Տեսեք՝ այս համակարգը գործում է կառավարության ղեկավարի մակարդակով։ Սա ակնհայտ է։ Այստեղ նաև ակնհայտ է, ես երեկ նույնպես հրապարակեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբից անուններ։ Նրանք, բնականաբար, համակարգում են այս ամենը՝ Սուրեն Պապիկյանը, Լիլիթ Մակունցը, համակարգում են։ Եվ ստացվում է, որ նրանք, պատժելով ուսուցիչներին, տնօրեններին, անպատիժ են մնում»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ ճնշումների ենթարկվող ուսուցիչներն ու ուսանողները պետք է նկատի ունենան, որ «Միասնության թևեր» կուսակցության նպատակը նաև նրանց պաշտպանելն է, որովհետև այստեղ իրականում ևս մեկ հարց կա։

«Տեսեք՝ այս մարդիկ, իշխանության էլիտան, ճնշում գործադրելով, քաղաքացիներին վախեցնելով, իրականում իրենք են նրանցից վախենում։

Սա շատ կարևոր է։ Նրանք վախենում են, վախենում են յուրաքանչյուր մարդուց։ Եվ այս համակարգը, որը ստեղծվել է, նրանք հասկանում են, որ առանց դրա չեն կարող հաղթել ընտրություններում և այլն։

Մեր քաղաքացիները պետք է մի բան նկատի ունենան. երբ նրանք մտնում են ընտրախցիկ և կատարում իրենց ընտրությունը, քվեարկում, ամբողջ իշխանությունն այնտեղ պատկանում է քաղաքացուն։

Քաղաքացին ամեն ինչի տերն է։ Եվ այդ մասին բարձր պաշտոն զբաղեցնող էլիտան շատ լավ գիտի։ Այդ պատճառով էլ նրանց վախը հենց դա է։ Եվ մեր քաղաքացիները պետք է նկատի ունենան, որ իրականում սա որևէ կերպ չի վերահսկվում, և նրանք ազատ են ընտրության հարցում։ Իշխանությունների խնդիրը մարդկանց վախեցնելն է, որպեսզի նրանք չգնան ընտրությունների, որպեսզի ստեղծվի անշրջելիության պատրանք, թե, օրինակ, իշխանությունն ամեն դեպքում կհաղթի, և այս հարցը ոչինչ չի փոխի, բայց իրականում այդպես չէ»,- ասել է Հայաստանի վարչապետի թեկնածուն։