Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Չարենցավանի բնակիչների հետ հանդիպմանն առաջարկել է օրենսդրության մեջ վարչապետի թեկնածուների համար հոգեբուժական հետազոտություն անցնելու պահանջ մտցնել։

Նա հիշեցրել է, որ այդ պահանջը պարտադիր է վարորդական իրավունք ստանալու համար, և տարօրինակ է, որ երկիրը կարող է ղեկավարել մի մարդ, որի հոգեկան առողջությունը հաստատված չէ։ Որպեսզի իշխանության ղեկին այլևս «գժեր» չլինեն, պարզաբանել է Քոչարյանը։

Նա նշել է, որ սովորական քաղաքացին ուզում է խաղաղ ապրել, աշխատանք ունենալ, վստահ լինել, որ երեխաները կրթություն կստանան և այլն։ «Իսկ ի՞նչ են առաջարկում իշխանությունները։ Մշտական լարված մթնոլորտ, հիստերիկ դրսևորումներ, ժողովրդին իրար դեմ հանել։ Ժողովրդին պատերազմով է սպառնում։ Այս իշխանությունները կազինոն բերել են ամեն տուն, իսկ թմրանյութերը՝ ամեն դպրոց։ Դրա՞ համար են նրանց ձայն տվել, էլ չեմ խոսում ազգային հարցերի, Արարատն ու Արագածը հակադրելու, ՀԱԵ-ի դեմ հարձակումների մասին»,- թվել է Քոչարյանը։

Ըստ նրա, սրա ռացիոնալ բացատրությունը չկա։ Միայն մեկ բան՝ ամեն ինչ անլրջացնել, հասցնել պրիմիտիվ մակարդակի, քանի որ Փաշինյանն ինքը գիտելիք և ասելիք չունի․ հեշտությամբ մի բան է ասում, հետո՝ մեկ այլ բան, իսկ ամեն ինչի համար վճարում է ժողովուրդը՝ հազարավոր զոհերով, տասնյակ հազարավոր փախստականներով։ «Սա իշխանության պատասխանատվության ինստիտուտի չեղարկում է։ Իմ խորին համոզմամբ, իշխանությունն ու պատասխանատվությունը հոմանիշներ են։ Առաջնորդը չի կարող ասել՝ «դե, ինչ արած, սխալվել եմ», 5 հազար զոհ, «մի բան էի մտածում, հիմա այլ բան եմ մտածում»»,- մեջբերել է քաղաքական գործիչը Փաշինյանի խոսքերը։

Քոչարյանն անդրադարձել է Չարենցավանի խնդիրներին՝ հիշեցնելով, որ այն արդյունաբերական քաղաք էր։ «Մեր ծրագիրն է՝ երկրին վերադարձնել արդյունաբերական հզորությունը։ Երկիրը չի կարող լինել ժամանակակից մրցունակ պետություն առանց արդյունաբերության։ Իսկ իշխանությունն ամեն ինչ անում է շրջաններն ամայացնելու և Երևանում ու մի քանի քաղաքներում կենտրոնանալու համար»,- նշել է Քոչարյանը՝ օպտիմալացման անվան տակ դպրոցների փակումն անվանելով հանցագործություն։

«Պետք է վռնդել այս իշխանություններին, չեղարկել հակաժողովրդական բնույթ կրող բոլոր որոշումները։ Փորձել զարգացնել մարզերը»,- հայտարարել է քաղաքական գործիչը։ Նա նաև հարցրել է, թե ուր է կորել 8 միլիարդ դոլարի հավելյալ պարտքը։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը Քոչարյանն անվանել է անպատասխանատու վարքագիծ։ Հիշեցրել է, որ բնակչության մոտ 80 տոկոսի բարեկեցությունն այսպես թե այնպես կապված է ՌԴ-ի հետ։ Ըստ նրա, Ռուսաստանում բարձր մակարդակով ասում են՝ սթափվե՛ք, համբերությունը կարող է սպառվել։ Երկրի արտաքին քաղաքականությունը չի կարող կապ չունենալ տնտեսական շահերի հետ։ Ըստ էության, քաղաքականությունը սպասարկում է տնտեսական շահերը։ Այն, ինչ անում են իշխանությունները, թշնամական քայլ է սեփական ժողովրդի նկատմամբ, ընդգծել է Քոչարյանը։