Հայաստանում չի լինելու մի շրջան, որին ուշադրություն չդարձնենք, առավել ևս՝ Սպիտակի շրջանը, որն ամենից շատն է տուժել։ Հնարավոր է՝ չգիտեք, որ երկրաշարժի ժամանակ ես Սպիտակի ճանապարհին գտնվող «Ռոսիա» ռեստորանում էի։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Լոռու բնակիչների հետ հանդիպման ժամանակ պատմել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Երկրաշարժի օրն ամեն ինչ տեսել եմ։

Ճիշտ է՝ չէինք հասկացել, թե ինչ է պատահել։ Հասանք Կիրովական ու միայն այնտեղ՝ մարդկանց վազելուց ու գոռոցներից հասկացանք, որ երկրաշարժ է եղել։

Ամեն ինչ տեսել եմ։ Գիտեմ Սպիտակի արտադրական ներուժի մասին։ Ամեն ինչ գիտեմ։ Սա համատարած խնդիր է, քանի որ մեր երկրում չի եղել մեկը, որը մտածեր ու կարողանար իրական աշխատատեղեր ստեղծել։

Սկսում ենք հենց սրանից։ Մենք էլ կարող ենք հայտարարել 1 միլիոն դպրոցի կամ 800 միլիոն կմ ասֆալտի մասին։ Դա ամենահեշտ գործն է»,- ընդգծել է կուսակցության առաջնորդը։

Ըստ քաղաքական գործչի, Հայաստանի ամբողջ տնտեսությունը կառուցված է պարտքերի վրա։ Ամենավտանգավորն այն է, որ ժամանակ է պետք տնտեսությունն ու բյուջեն պարտքերից ազատելու համար։

Նա զգուշացրել է, որ դա հեշտ գործընթաց չի լինելու և հնարավոր չէ լուծել մեկ կամ երկու տարում, քանի որ ամբողջ տնտեսությունն արդեն կառուցված է պարտքերի վրա։

«Մենք աղքատ երկիր ենք։ Մենք պարտքերով ապրող երկիր ենք։ Ասում եմ՝ 8 տարվա մեջ թեկուզ մի ձեռնարկություն, բացի մեր կառուցածներից (մենք 8-10-ն ենք կառուցել), կարո՞ղ են ցույց տալ գոնե մի հիմնարկ, որտեղ 200 մարդ է աշխատում։

Այո, առաջին հերթին պետք է աշխատատեղեր ստեղծվեն։ Մեր երկիրն այլ խնդիր ունի։ Մեր երկրի խնդիրը հայաթափումն է»,- ընդգծել է նա։

Ինչպես նշել է վարչապետի թեկնածուն, ասֆալտը երեք տարի կդիմանա, այն էլ՝ հաշվի առնելով ներկայիս իշխանությունների ապահոված որակը։

«Փողը կերան, պրծան։ Փող «ուտելուց»էլ շատ լավ են սրանք»,- ասել է Սամվել Կարապետյանը, ինչին ի պատասխան բնակիչներից մեկը հայտնել է, որ Սպիտակում արդեն քանդվում է հենց անցյալ տարի փռած ասֆալտը։