«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպումների շրջանակում այցելել է Երևանի Էրեբունի վարչական շրջան, որտեղ պատասխանել է քաղաքացիներին ու լրագրողների հարցերին՝ անդրադառնալով ինչպես մայրաքաղաքի խնդիրներին, այնպես էլ քարոզարշավի ընթացքին։

Հիշեցնելով նախորդ հանդիպումը Շենգավիթ վարչական շրջանում՝ լրագրողները նկատել են, որ Ծառուկյանը հայտարարել էր՝ վերջին ութ տարիների ընթացքում Երևանի խնդիրները չեն լուծվել, այլ հակառակը՝ ավելի են խորացել։ Էրեբունիում շրջելու ընթացքում նա նշել է, որ հենց այդ պահին մտքով անցել է իր ընկերոջ՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող բարերար, գործարար, Ռուբեն Վարդանյանի նախաձեռնություններից մեկը։

«Հենց իմ մտքով անցնում էր Ռուբեն Վարդանյանի ծրագիրը, որ Երևանում մի քանի տեղ ճոպանուղիներ բացվեն՝ մեկը Էրեբունիում, մեկը Կասկադում, մեկը Նորքում։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներս հնարավորություն կլինի այդ ծրագիրը կյանքի կոչելու»,– ասել է Ծառուկյանը՝ ընդգծելով, որ նման նախագծերը կարող են նպաստել Երևանի ենթակառուցվածքների զարգացմանն ու քաղաքի բեռնաթափմանը։

ԲՀԿ առաջնորդը նշել է, որ հավատում է՝ ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել․ «Իմ մեջ այդ մոտեցումն ու զգացումը կա։ Հույսով եմ՝ Աստծու կամոք, որ իր խոստացած ծրագիրը Երևանում կյանքի կկոչվի»։

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ Ծառուկյանը դրական է գնահատել մարզերում և համայնքներում անցկացվող հանդիպումները՝ ընդգծելով անմիջական շփման կարևորությունը։ Նրա խոսքով՝ հանդիպումները ձևական բնույթ չեն կրում, այլ կառուցվում են քաղաքացիների խնդիրները լսելու և լուծումների շուրջ քննարկումներ ծավալելու սկզբունքով։

«Շատ լավ է անցնում քարոզարշավը։ Անմիջական շփում է, անմիջական հարց ու պատասխան։ Ձևական բան չկա։ Մարդկանց աչքերի մեջ նայելով՝ խոսում ենք իրենց խնդիրների, պրոբլեմների և լուծումների մասին»,– նշել է նա։