Հնդկաստանի արեւելքում լաստանավի վթարի հետեւանքով մոտ 150 մարդ անհետ կորած է: Տեղական իշխանությունների խոսքով, լաստանավում 240 տոմս էր վաճառվել, սակայն նավի վրա բազմաթիվ անտոմս ուղեւորներ են եղել: Փրկարարական գործողությանը մասնակցում են ուղղաթիռները:
Լրատվամիջոցների տվյալներով, լաստանավի վթարի հետեւանքով զոհվել է 100-ից ավելի մարդ: Փրկարարները դուրս են բերել մոտ 80 դիակ, որոշ ուղեւորներ կարողացել են լողալով հասնել ափին, հաղորդում է «Ռոսբալթը»:
Ասսամ նահանգում Բրահմապուըտրա գետի վրա լաստանավը վթարվել էր ապրիլի 30-ին: Իրավապահները հայտնել են, որ լաստանավի վրա նավակներ եւ փրկարարական բաճկոններ չեն եղել: Աղետի պատճառը կարող էր վատ եղանակը լինել:




























