Հայաստանին փոփոխություններ են պետք։ Հայաստանում այլևս չի կարող շարունակվել նախկինի պես։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Արմավիրում իր ելույթի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«Այսօր այցելել ենք Արմավիրի գյուղեր։ Հասանք Դալարիկ՝ երրորդ գյուղը։ Ուզում էինք հասկանալ, թե գյուղատնտեսական ինչ միջոցառումներ ձեռնարկել, ինչ անել, որ մարդիկ սկսեն ավելի լավ ապրել։ Նախկինում էլ էի ուսումնասիրել այս գյուղը։ Բայց հետո նկատեցի մի կրպակ, որտեղից մարդիկ ջուր էին գնում։ Հարցրեցի՝ ինչո՞ւ եք ջուր գնում, մի՞թե տանը ջուր չկա։ Ասացին, որ գյուղում խմելու ջուր չկա։ Ժողովո՛ւրդ, մենք Հայաստանի Հանրապետությունից այնքան քիչ սպասելիքներ ենք ունեցել, այնքան քիչ բան ենք ուզել, որ սովորական ջուր չունենալով՝ հարմարվել ենք։ Ինչպե՞ս կարելի է ջուր չունենալով հարմարվել»,- նշել է քաղաքական գործիչը։

Ըստ Նարեկ Կարապետյանի, մեր երկրի ղեկավարները կառավարում են ծայրահեղ իդեալական մի ազգի։

«Ջուր չես տալիս, նա ինչ-որ կերպ հարմարվում է դրան, բանակ ես զորակոչում, միջոցներ չես տալիս, զինակոչիկին աշխատավարձ չես տրամադրում, նա ինչ-որ կերպ հարմարվում է, պատերազմ է գնում, ասում ես՝ զրահաբաճկոնը տնից վերցրու ու գնա։ Այս ժողովրդին հնարավոր չէ մեղադրել։ Սա իդեալական ժողովուրդ է։

Երկրի ղեկավարը կարող է օրերով քեֆեր անել, իսկ հենց պատերազմը սկսվի, կասի՝ զրահաբաճկոնդ վերցրու ու գնա։

Ջուր չկա՝ գնա ու գնիր։

Երբ ասում են, թե հայերը բարդ են, հայերը շատ պարզ են, անկեղծ, ուղղամիտ։ Այս մարդիկ հարմարվում են»,- ասել է ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ այստեղ ինքը տեսել է աղքատ մարդկանց, որոնց իրենց սոցիալական վիճակը չէր հետաքրքրում, այլ հետաքրքրում էր երկրի վիճակը։

«Երկու հատ ասֆալտը չի մեր մաքսիմումը, խմելու ջուրը չի մեր մաքսիմումը. մեր առավելագույնը մենք ենք, ժողովո՛ւրդ։ Մենք կարող ենք ամեն ինչ փոխել այս աշխարհում»,- ասել է քաղաքական գործիչը։