Նիկոլ Փաշինյանի այսօրվա էմոցիոնալ պոռթկումը հերթական բեմականացված ներկայացումն է, որի նպատակն է կրկին սեպ խրել մեր ժողովրդի տարբեր խմբերի միջև, պառակտել հասարակությունը և դրա հաշվին պահպանել սեփական իշխանությունը։ Այս մասին մայիսի 18-ին, Քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձանի մոտ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ով գլխավորում է նաև կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Կուսակցության ղեկավարը քաղաքացիներին կոչ է արել զգոնություն ցուցաբերել և ոչ մի դեպքում չտրվել այդ սադրանքներին։ Մարուքյանի խոսքով՝ Փաշինյանը կրկնում է իր «2021 թվականի խաղերը», քանի որ հայտնվել է չափազանց խոցելի վիճակում։ Նա ընդգծել է, որ գործող վարչապետին «օդի պես անհրաժեշտ է հասարակության խիստ բևեռացումը», որպեսզի սեփական ուժի պատրանք ստեղծի, ընդդիմախոսներին սպառնա ձերբակալություններով ու դատարաններով, իսկ արդյունքում՝ հաղթի ընտրություններում և ձևավորի վերահսկելի խորհրդարան, որը կարող է ավելի վատը լինել, քան ներկայիսը։

Էդմոն Մարուքյանը խստորեն դատապարտել է գործող իշխանության քարոզչական մեթոդները, մասնավորապես՝ ղարաբաղյան բարբառի թեմայով շահարկումներ անելու և հայ ժողովրդին պառակտելու փորձերը։ Նա նշել է, որ այս բեմականացված քաղաքական թատրոնի միակ համարժեք պատասխանը կլինի այն, որ քաղաքացիները զանգվածային կերպով գնան ընտրատեղամասեր։ «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդն ընդգծել է, որ քվեարկության օրը ոչ ոք չպետք է տանը մնա, և կոչ է արել աջակցել իրենց քաղաքական ուժին՝ ընտրելով 19 համարի քվեաթերթիկը։