Ես կիսում եմ Նիկոլ Փաշինյանի կարծիքը, նա դեռ քիչ ա ասել։ Այս մասին մայիսի 18-ին, Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի և բժշկուհի Արփինե Սողոյանի միջև տեղի ունեցած լեզվակռիվը։ Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը նույնպես ընդգրկված է երկրում այժմ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում։
Նա հավելել է, որ զարմանում է Փաշինյանի համբերատարության վրա՝ պարզաբանելով, որ ինքը հաճախ չի դիմանում։ «Հարիր է լրագրողին, որ ինքը չդիմանա, իհարկե ոչ, հարի՞ր է հայ տղամարդուն, որ չդիմանա, իհարկե՝ ոչ, բայց բոլորս էլ մարդ ենք, ի վերջո, այդ ատելությունը դաշտ են բերել ընդդիմադիրները, որովհետև 2021-ից սկսած իրենց մեզ գնդակահարում էին, մեզ բանտեր էին նետում և «Դավաճան-հողատուն» կարծես մենք չենք դրել շրջանառության մեջ»,- ընդգծել է Սիմոնյանը։
Նա նշել է, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպիչներն իրենց հետքերը թաքցնելու համար ունեցել են 10 տարի։ «Գործով քննիչը փախել է։ Պատմե՞մ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին։ Էլ ի՞նչ պատմեմ։ Հստակ է, որ այդ մարդիկ պատասխանատվություն են կրելու մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի դեպքերի, կեղծված ընտրությունների, ապօրինի ձեռք բերված գույքի, զուգարանում մարդու սպանության և այլնի համար»,- ընդգծել է նա՝ վստահեցնելով, որ քաղաքացիները սիրում և հարգում են Փաշինյանին։ Նրա գնահատմամբ՝ կնոջ այսօրվա գործողություններն ուղղորդված են եղել, քանի որ ընդդիմությունը հայտնվել է անելանելի դրության մեջ։
Սիմոնյանն ակնհայտ է անվանել այն, որ ընդդիմադիր դաշտում հիմնական առաջնորդներ համարվող ուժերը (խմբ.՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը) չեն հաղթահարի խորհրդարան անցնելու շեմը։ «Դրա պատճառով էլ նրանք դիմում են սադրանքների։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այն տեսահոլովակը, որտեղ ղարաբաղյան ակցենտով, դիմակներով ու ավտոմատները ուսերին մարդիկ սպանության սպառնալիքներ էին հնչեցնում։ Խոսքը պետականության դեմ ուղղված հանցագործության մասին է։ Ես միանում եմ Փաշինյանի հայտարարություններին, և ես Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին նույնպես ծնկի կբերեմ քաղաքական, իրավական և այլ առումներով՝ իրենց կատարած գործողությունների համար։ Իսկ նրանց կողմնակիցներին ոչինչ չի սպառնում։ Ինչ վերաբերում է Փաշինյանի պահվածքի ներկուսակցական գնահատականին, ապա այդ հարցը վերաբերում է հենց կուսակցության որոշմանը, դա կուսակցության ներքին գործն է»,- հավելել է Ալեն Սիմոնյանը։
Նա սուտ է անվանել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարություններն այն մասին, թե ծրագրվում է երկիրը վերաբնակեցնել ադրբեջանցիներով, ինչպես նաև ընդդիմության այն մեղադրանքները, թե պատրաստվում են տարածքային զիջումներ անել Ադրբեջանին։
Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, որ նախընտրական գործընթացները արգելակում են սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ընդունված փաստաթղթերի գործնական իրականացումը։ Միևնույն ժամանակ, հեռացող խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ արտերկրում ոչ ոք բանակցություններ չի վարի ընդդիմության ներկայացուցիչների հետ։ «Եթե նրանք գան իշխանության, երկիրը կտանեն դեպի պատերազմ, դրանում կմեղադրեն նախկին իշխանություններին, այսինքն՝ մեզ, և, առնվազն, կնվազեցնեն Հայաստանի անկախության մակարդակը»,— եզրափակել է Ալեն Սիմոնյանը։











