Արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը, մայիսի 19-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ լարված վեճի է բռնվել մի կնոջ հետ։ Վերջինս դժգոհել է իր բնակարանային պայմաններից և պահանջել ընթացք տալ իր խնդրի լուծմանը։
Կինը հավելել է, որ արդեն հինգ տարի է՝ իր 9 հոգանոց ընտանիքը ստիպված ապրում է վարձով, այնինչ իրենց հասանելիք բնակարանն արդեն կառուցված է, բայց չգիտես ինչու՝ այն հանձնում են այլ բնակիչների։
Փաշինյանը հայտարարել է, որ բնակարանների հանձնումը ձգձգվում է տրանսֆորմատորների հետ կապված խնդիրների պատճառով։ «Շինարարության ընթացքը գնում է, ինչո՞ւ եք գոռում»,- նշել է նա՝ խոստանալով, որ երկու ամսվա ընթացքում բնակարանները կհանձնվեն քաղաքացիներին։
Կինը դժգոհել է նաև այն բանից, որ զրկվել է նպաստից։











