Մեր սրտի վարչապետը նորից փառահեղ հայտնագործություններ է անում, երեկ ասում էր, թե երբևէ չի եղել, որ ներկայիս Հայաստանի բնակչության 90%-ը հայեր լինեն։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է լրագրող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Կարպիս Փաշոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե բովանդակությունը ճիշտ է, իսկապես մոնղոլական նվաճումների, թուրքմենական տիրապետության, պարսկաթուրքական պատերազմների, Շահ Աբասի բռնագաղթի պատճառով, արևելյան Հայաստանում հայ բնակչության թիվը էականորեն նվազել է և վերականգնվել է միայն 19-րդ դարում, իհարկե, աստիճանաբար, ռուսական տիրապետության շնորհիվ։
Սա էլ դնենք մի կողմ. բայց Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, թվերը խառնում է իրար, որովհետև ոչ թե 90%-ը, այլ Հայաստանի Հանրապետության բնակչության 98.1%-ը կազմում են հայերը։ Առանց մեր սրտի վարչապետին թիրախավորելու և քննադատելու, առանց դավադիր մեղքերի մեջ մեղադրելու, հայերը Հայաստանի Հանրապետությունում կկազմեն 90%, եթե օրինակի համար, շատ պատահաբար, առանց համընկնումների, Հայաստանում ապրեն 200 000 կամ ավելի ադրբեջանցիներ։ Պարզ թվաբանությունը սա է ցույց տալիս:
Էլի շատ պատահական Նիկոլ Փաշինյանը առանց որևէ միտումի է նման թվաբանական սխալներ թույլ տալիս։ Արարատ Միրզոյանը վստահաբար առանց որևէ միտումի է ասում, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական հողեր կամ Հայաստանը վերահսկում է ադրբեջանական հողեր։
Բայց եթե հեգնանք դնենք մի կողմ, ապա շատ պարզ է, որ ընտրություններում Ալիևի և Էրդողանի թեկնածուն անոնս է անում, թե ինչ է մեզ սպասվում։ Մեծ ինչ-որ պայթյուն, հրդեհ մի սպասեք, այն ինչ լինելու է, լինելու է կամաց, մեզ ցավազրկում են, որ ցավը շատ չզգանք, բայց ինչ-որ մի օր քնից կարթնանանք, մատրիցայից կարթնանանք և կտեսնենք, որ մեր երկիրը մենք կորցրել ենք կամ առնվազն կորցնում ենք։ Ամեն ինչ դրան է տանում»։ Փաշոյանը նկատել է, որ եթե այսօր Հայաստանում 98.1%-ը հայեր են, դա ղարաբաղյան շարժման շնորհիվ է. «Մնացածը թողնեմ ձեզ, ինքներդ դատողություններ արեք, հետո չասեք, թե ինչ-որ ֆաշիստական պնդումներ եմ անում»,– հավելել է նա։











