«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է «Արարատ ցեմենտ» գործարանի հնարավոր պետականացման շուրջ շրջանառվող խոսակցություններին՝ չբացառելով, որ գործընթացների հիմքում կարող են լինել նաև արտաքին քաղաքական գործոններ։
Լրագրողի հարցին, թե արդյոք իրեն հասել են խոսակցություններ, համաձայն որոնց «Արարատ ցեմենտի» պետականացումը տեղի է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով, Ծառուկյանը պատասխանել է․
«Ես լսել էի, որ Ալիևի պատճառով Օլիմպիական կոմիտեի հարց է, քանի որ մեր հայերը ցանկացած հանդիպման ադրբեջանցիներին, թուրքերին հաղթում են։ Դա հարց էր, և իրենք էլ հիմնականում իրավունք չունեն։ Մեր դատարանները Օլիմպիական կոմիտեի հարցով այդքան էլ չեն զբաղվում, ու դրել են անօրինական որոշում են կայացրել, որովհետև այդպիսի օրենք չկա։ Հիմնականում ՄՕԿ-ը՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն է այդ հարցով զբաղվում։ Սա էլ հնարավոր է», — նշել է նա։
Ծառուկյանի խոսքով՝ իշխանությունների գործողությունները պայմանավորված են իր քննադատական դիրքորոշմամբ։
«Եթե մարդը 20 տարի առաջ գործարան է վերցրել, աշխատացրել է, հիմա սկսել է դեմ խոսել, իրականություն ասել, դրա համար խառնվել են իրար։ Բայց ձեր արածի պատասխանը տվեք՝ այսօր ի՞նչ լավ բան եք արել։ Ոչ մի լավ բան չեք արել՝ բացի զոհեր տալուց, հեղինակազրկումից, հողեր հանձնելուց», — հայտարարել է ԲՀԿ առաջնորդը։
Նա նաև պնդել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են նոր զիջումների։
«Հիմա էլ ասում են՝ երեք շրջան պետք է տան։ Դրանից հետո ասում են՝ 300 հազար ադրբեջանցի պիտի բերեն բնակեցնեն Հայաստանում՝ Երևանում, Վարդենիսում, Արագածոտնում։ Ասում են՝ նման բան չկա։ Ես ասում եմ՝ վերցրեք 2025 թվականի դեկտեմբերի 5-ի Ալիևի ելույթը։ Ասում է՝ իմ ժողովրդին բերելու եմ, տանկերով չեմ բերելու, ավտոբուսներով եմ բերելու։ Բայց եթե հանկարծ նեղացրիք, այսինքն՝ զորք է բերելու, դնի մեր երկրում իր ազգին պաշտպանելու։ Ի՞նչ է դա նշանակում», — ասել է Ծառուկյանը։
Քաղաքական գործիչը նշել է, որ ինքը վարչապետ դառնալու նպատակ չունի, սակայն մտահոգված է երկրում ստեղծված իրավիճակով։
«Ես այսօր վարչապետ չեմ ուզում, բայց սիրտս ցավում է, որ այս վիճակին ենք հասել՝ սուտ ասելով, խաբելով։ Ես իրենց թիմակիցներին էլ եմ ասել՝ ասեք ութ տարվա մեջ մի լավ բան, որ ժողովրդի համար արել եք։ Մի լավ բան ասեք։ Բացի պարտվելուց, հողեր հանձնելուց, զոհեր տալուց, ժողովրդին խեղճացնելուց, հարկերն ու տուրքերը բարձրացնելուց, գույքահարկը 100 տոկոսով ավելացնելուց՝ ի՞նչ եք արել», — նշել է նա։
Ծառուկյանը քննադատել է նաև իշխանությունների հայտարարությունները խաղաղության վերաբերյալ։
«Ասում են՝ խաղաղություն ենք բերել։ Եթե խաղաղություն են բերել, բա ինչո՞ւ մեր գերիները դեռ այնտեղ են, ինչո՞ւ ադրբեջանցիները մեր սահմաններից հետ չեն գնում։ Հիմա էլ նոր պահանջներ են ներկայացնում։ Մասիս սարը հանել են անձնագրերից, ցեղասպանության մասին վախենում են խոսել։ Պետական ալիքը ապրիլի 24-ից հետո ցեղասպանության մասին չի խոսում։ Գրքերը փոխում են, պատմությունն են փոխում», — ասել է նա։
ԲՀԿ առաջնորդը նաև անդրադարձել է «Արարատ ցեմենտի» շուրջ զարգացումներին՝ նշելով, որ իրեն հնարավոր չէ ճնշել։
«Այսօր էլ ուզում են Ծառուկյանին վախեցնել, ասում են՝ ցեմզավոդը տալիս ենք ժողովրդին։ Ժողովրդի ցավն էլ տանեմ։ Օրենքի առաջ բոլորը հավասար են։ Եթե անօրինական պիտի խլեն ու տան, դրա պատասխանը դուք եք տալու, պետությունն է տալու։ Դա մասնավոր սեփականություն է», — ընդգծել է նա։
Ծառուկյանի խոսքով՝ իշխանությունների վարքագիծը վկայում է, որ նրանք «խուճապի մեջ են»։
«Ինքը արդեն խուճապի մեջ է, չի տիրապետում իր ներվերին։ Զոհվածի մորն է վիրավորում, բժշկուհուն է վիրավորում, հիմա էլ կազմակերպել են, որ եթե մեկը ուզում է բան ասել, բերանը փակեն։ Ամոթ է։ Այդպես երկիր չեն պահում, այդպիսի ղեկավար չի լինում», — եզրափակել է Գագիկ Ծառուկյանը։











