«Մետրոյի խոստացված կայարանն այդպես էլ չկառուցվեց, որովհետև Աջափնյակը չի աջակցում այս ճղճղան իշխանությանը. Աջափնյակն ուզում է մետրո, իրական զարգացում, և մենք դա անպայման կանենք, հենց որ գանք ղեկավարման»։ Դրա մասին մայիսի 20-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։

Հավաքվածներին դիմելով կոնկրետ առաջարկների փաթեթով՝ Մելոյանն ընդգծել է, որ դաշինքի ծրագիրն առաջարկում է հստակ մեխանիզմներ աղքատության վերացման, երաշխավորված անվտանգության և երկրում իսկական խաղաղության հասնելու համար։ Մելոյանը հիշեցրել է «Ուժեղ Հայաստանի» առանցքային նպատակները, որոնք ներառում են 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը, զինծառայողների ընտանիքների համար ամսական 40 հազար դրամի չափով վճարումների ներդրումը, ինչպես նաև ուսուցիչների և ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձերի արմատական բարձրացումը։ Նա ընդգծել է, որ այս բոլոր հսկայածավալ բարեփոխումների իրականացումը հնարավոր կդառնա դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ։

Իր ելույթում Մելոյանը հատուկ շեշտադրում է արել հենց Աջափնյակի ընտրական վիճակագրության վրա, որտեղ գրանցված է շուրջ 86 հազար ընտրող։ Գոհար Մելոյանը նշել է, որ 2026 թվականին ընտրություններին մասնակցել է քաղաքացիների ընդհանուր թվի միայն կեսը, ինչի պատճառով իշխող ՔՊ-ն կարողացել է ստանալ ընդհանուր ձայների ընդամենը 21%-ը։ Էլ ավելի խոսուն, ըստ նրա, եղել են 2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունները, երբ Աջափնյակի 86 հազար բնակչից ՔՊ-ի օգտին քվեարկել էր ընդամենը մոտ 8 հազար մարդ, ինչը կազմում է մոտավորապես 10%։ Նա ընդգծել է, որ անթույլատրելի և աննորմալ է, երբ բացարձակ փոքրամասնությունը՝ ի դեմս մի քանի հազար մարդու, որոշում է մի հսկա շրջանի ճակատագիրն ու ապագան, մինչդեռ մնացած ընտրողները պարզապես տանն են մնում։ Քաղաքացիներին չծուլանալու կոչ անելով ՝ դաշինքի ներկայացուցիչը հայտարարել է, որ հունիսի 7-ին յուրաքանչյուր բնակիչ պարտավոր է անձամբ գալ ընտրատեղամաս և քվեարկել հանուն Ուժեղ Հայաստանի ձևավորման, քանի որ երկար սպասված փոփոխությունները կլինեն արդեն շատ շուտով։