Եթե միջազգային տրանսպորտային ցանցը կամ TRIPP նախագծի շրջանակում ինչ-որ լոգիստիկ միջանցքներ պետք է գործեն տարածաշրջանում, ապա դրանք ոչ մի դեպքում չեն կարող անցնել Հայաստանի ինքնիշխան տարածքի հաշվին՝ մեզ վերածելով սեփական հողի վրա իրավազուրկ դիտորդների։ Այդ մասին մայիսի 21-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Մեկնաբանելով տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերը և այսպես կոչված «Թրամփի երթուղին» (TRIPP)՝ Ծառուկյանն ընդգծել է, որ միջազգային օգուտների ցուցանակի ներքո երկրին միջանցքային տրամաբանություն պարտադրելու ցանկացած փորձ անընդունելի է, եթե դրանք ոտնահարում են Հայաստանի քաղաքացիների իրավունքները և խաթարում պետության անվտանգությունը։

Կուսակցության առաջնորդի համոզմամբ՝ տնտեսական համագործակցությունը պետք է լինի փոխշահավետ և հիմնվի Հայաստանի ինքնիշխանության լիակատար հարգման, այլ ոչ թե գործող ռեժիմի կուլիսային զիջումների վրա։ Նա նշել է, որ քանի դեռ ներկայիս իշխանությունները պատրաստ են հնազանդորեն համաձայնել ցանկացած արտաքին վերջնագրերի, ընդդիմադիր ուժերը կանեն ամեն ինչ՝ թույլ չտալու համար այնպիսի սցենարների իրականացումը, որոնք Հայաստանը հարևան պետությունների համար կվերածեն միջանցիկ բակի։

Գագիկ Ծառուկյանն ուշադրություն է հրավիրել նաև Շիրակի մարզի սահմանամերձ համայնքներում տիրող սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի վրա, որտեղ պետական աջակցության բացակայության պատճառով ամբողջությամբ կործանվում է գյուղատնտեսությունը։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ֆերմերներին իրական օգնություն ցուցաբերելու և մթերման կայաններ ստեղծելու փոխարեն՝ երկրի ղեկավարությունը զբաղված է միայն դատարկ խոստումներ բաժանելով և հուսահատության մթնոլորտ սերմանելով։

Նա ախուրյանցիներին վստահեցրել է, որ իր թիմն ընտրությունների է գնում արդյունաբերական և ագրարային խոշորածավալ վերածննդի հստակ ծրագրով, որը ներառում է փոքր բիզնեսի համար հարկային բեռի զրոյացում, նոր արտադրությունների գործարկում և խոշոր ներդրումների ներգրավում։ Ամփոփելով իր ելույթը՝ Ծառուկյանը քաղաքացիներին կոչ է արել ցուցաբերել առավելագույն համախմբվածություն ու վճռականություն՝ նշելով, որ միայն ուժեղ և տնտեսապես անկախ Հայաստանն է ունակ թելադրել իր պայմանները միջազգային հարթակներում և ապահովել արժանապատիվ ապագա իր ժողովրդի համար։