Իշխանությունները ցանկանում են Ադրբեջանից էժան ցեմենտ ներկրել։ Մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում դրա մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու մտադրության մասին։
Նա հիշեցրել է, որ գործարանը գնել է մասնավոր սեփականատիրոջից և ամեն ամիս պետբյուջե ահռելի չափերի հարկեր է վճարում։ «Այսօր նա (նկատի ունի Փաշինյանին — խմբ.) ասում է, թե գործարանը կփոխանցի ժողովրդին։ Այդ դեպքում թող ժողովուրդն այնտեղ բաժնեմաս ունենա, այլապես հարստանալու ես միայն դու (նկատի ունի Փաշինյանին -խմբ.), ընդ որում՝ ապօրինի։ Թող ցույց տա, թե որ օրենքի հիման վրա է պատրաստվում պետականացնել գործարանը։ Եթե նման որոշում կայացվի, ես այն կբողոքարկեմ դատարանում։
Ես չեմ կարող հայրենիքը փոխարինել սեփականությամբ։ Այդ մարդը (ի նկատի ունի Փաշինյանին -խմբ.) թող խոսի իր ծրագրից։ Նա ութ տարի ստել է, բայց այդպես էլ ոչինչ չի արել։ Դուք լսե՞լ եք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ծրագիր ներկայացնի։ Միայն խոսում են, թե խաղաղություն են բերել։ Ո՞ր խաղաղությունը։ Հողերը հանձնեց, այսքան զոհ ու վիրավոր, մեր գերիները դեռ այնտեղ են, ադրբեջանցիները նստած են մեր տարածքում, և դրան գումարած՝ իշխանությունները դեռ երեք տարածք էլ պետք է հանձնեն»,- նշել է Ծառուկյանը։
Մեկնաբանելով իր հասցեին հնչող մեղադրանքները, թե ինքն իբր լրտես է, Ծառուկյանը նկատել է, որ եթե այդ հայտարարությունները չապացուցվեն, ապա նման պնդումներ անող մարդիկ պետք է պատիժ կրեն։
«Անդրանիկ Թևանյանը հայրենասեր է, իսկ այսօր նրան էլ են մեղադրում լրտեսության մեջ։ Ես հայտարարում եմ՝ թող ապացուցեն, և ես ինքս նրան հրապարակում կգնդակահարեմ։ Իր հայրենիքը դավաճանած մարդն ապրելու իրավունք չունի»,— ընդգծել է Ծառուկյանը։
Նա կրկնել է, որ Հայաստանի իշխանությունները վայելում են միայն Ադրբեջանի և Թուրքիայի աջակցությունը։
«Դու (նկատի ունի Փաշինյանին -խմբ.) պետք է գետինը մտնես այն բանի համար, որ այսքան զոհեր ես թույլ տվել, պետք է ամաչես և դրանից հետո մարդամեջ դուրս չգաս»,- եզրափակել է Ծառուկյանը։











