«Նիկոլ Փաշինյան, դու իմ կլիենտն ես։ Ես հայտարարել էի, որ դու զբաղվել ես պետական դավաճանությամբ։ Ես քեզ չեմ ների քո այդ գործողությունները, այն, որ դու փորձում ես ինձ նման պիտակներ փակցնել»։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանը։

«Բայց մենք քեզ կներկայացնենք առարկայական մեղադրանքներ՝ ինչպես հանձնեցիր Արցախը, ինչի դիմաց, ինչպես հանձնեցիր Հայաստանի տարածքները»,- ընդգծել է Թևանյանը։ Նա պարզաբանել է, որ հարուցված գործի շրջանակում ինքը որևէ կարգավիճակ չունի։

Թևանյանը հայտնել է, որ ավելի վաղ իր գրասենյակում խուզարկության ժամանակ առգրավել են համակարգիչ, հեռախոս, թղթեր, վերլուծական նյութեր։

«Սա խոչընդոտում է մեր քարոզարշավին։ Ես ժամը 12:00-ին ճեպազրույց էի նշանակել, և այդ ճեպազրույցը տապալվեց։

Մեղադրանքներն անհեթեթ են։ Ես 2023 թվականի ամառվանից պատգամավոր չեմ և նույնիսկ պատգամավոր եղած ժամանակ գաղտնիության թուլտվություն չեմ ունեցել։ Երբ մինչև 2023 թվականը խորհրդարանում անցկացվում էին գաղտնի նիստեր, ես սկզբունքորեն չեմ ստորագրել գաղտնիության թույլտվությունը, որովհետև գտնում էի, որ առաջնային մանդատ ունեցող խորհրդարանը չպիտի ենթակա լինի մարմնին, որը վերահսկվում է Ազգային ժողովի կողմից։ Մեր դաշինքում կային նաև այլ պատգամավորներ, որոնք այդ գաղտնիության փաստաթուղթը չլրացրեցին։

Միաժամանակ ոչինչ գաղտնի չկա, ադրբեջանցիներն իրենք են մանրամասն ասել, թե ինչ են անելու սրանք»,- նշել է Թևանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թևանյանի դեմ հարուցվել էր քրեական գործ, խուզարկություն էր իրականացվել նրա գլխավորած «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, իսկ ավելի ուշ՝ արդեն առանց նրա թույլտվության, խուզարկություն էր կատարվել նաև նրա բնակարանում։

Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պետական դավաճանության և լրտեսության փաստերով