Երևանն ընդդիմադիր է տրամադրված, և հենց որ Նիկոլ Փաշինյանը դուրս է գալիս Երևանի փողոցներ, այդ օրը մենք շոուի ենք ականատես լինում, քանի որ նրանք տեսնում են, որ 10-ից 9-ը նրան չեն արձագանքում, նրան չեն բարևում, ժողովուրդը մերժում է նրան։ Մայիսի 22-ին կայացած հանրահավաքի ժամանակ այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«Երևանցիները տեսնում են ամեն ինչ և հիշում են, թե ինչ էին խոստանում իշխանությունները։ Երևա՛ն, գնա՛ ընտրությունների, որպեսզի նրանք հեռանան։ Ով չի մասնակցում ընտրություններին, նրա ձայնը գնում է Փաշինյանին։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե նրանք ինչպես կպահեն իրենց, եթե հաղթանակ տանեն, եթե արդեն իսկ այսօր իրենց պահում են այնպես, ինչպես պահում են»,- նշել է նա։

Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ իշխանությունները երկարաձգում են իրենց քաղաքական գոյությունը՝ զիջելով այն, ինչը վերաբերում է Հայաստանի շահերին, և ամեն օր մի նոր բան հանձնելով։

«Երբ արցախցիները հարցնում են՝ արդյոք իրենք ապրելու են առաջվա պես, մտքովս շատ բաներ են անցնում, որովհետև հասկանում ես, որ այն պայմաններում, որոնք նախկինում էին, ինչ-որ բան պահելն ավելի հեշտ էր։

Պետք է պարզապես չկորցնել, չբացել մեր երկրի դռները։ Հայաստանի նախագահ Խաչատուրյանն ասում է, թե մենք պետք է բացենք Սյունիքի դարպասները։ Նժդեհի փակած դարպասները Խաչատուրյանը եկել է բացելու։

Երբ այդ դարպասները փակում էին, հաշվարկում էին, որ Սյունիքը պետք է հայկական մնա, իսկ եթե բացենք, կգան ու կհաստատվեն, իսկ նրանք (ի նկատի ունի ադրբեջանցիներին — խմբ.) ուր մտել են, այնտեղից դուրս չեն եկել»,- ընդգծել է Կարապետյանը։