Եթե մենք նրանց հետ քննարկելու բան ունենանք, կքննարկենք ուղիղ, այլ ոչ թե այսպիսի հեռակա տարբերակով՝ միմյանց մեսիջներ փոխանցելով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ այսօր Հայաստանի վարչապետի հասցեին արած կոշտ հայտարարությունների մասին հարցին։

Նրա խոսքով՝ Հայաստանը չի պատրաստվում Ռուսաստանի հետ «պատերազմել, կռվել՝ լինի դա մեդիադաշտում, թե միմյանց մասին հարցազրույցների տրամաբանության մեջ»։

Նա նաև մեկնաբանել է Ռուսաստանի այն հայտարարությունները, թե Եվրամիությունը Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի դեմ։ Որպես օրինակ՝ NEWS.am-ի թղթակիցը մատնանշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Հայաստան։

«Իսկ երբ Ադրբեջանի նախագահը պատերազմի ժամանակ գնում էր Ռուսաստան և հայտարարություններ անում, կամ երբ Ռուսաստանի Դաշնության նախագահն էր հայտարարություններ անում, նա մեր դե՞մ էր հարթակ տրամադրում… Դա անհիմն է։ Ես չեմ կարծում, որ նման բան գոյություն ունի։ Հայաստանը երբևիցե որևէ բան չի արել, չի անում ու չի անելու Ռուսաստանի դեմ, և համարում է Ռուսաստանը գործընկեր երկիր։ Եթե կարող են կոնկրետ օրինակներ բերել, գուցե քննարկենք»,- ասել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը։

Նա նաև արձագանքել է NEWS.am-ի լրագրողի այն դիտարկմանը, թե ռուսական կողմը Հայաստանին ասում է հետևյալը. «Դուք հստակ չեք ասում՝ աշխատո՞ւմ եք ԵԱՏՄ-ի հետ, թե՞ ոչ»։

«Իսկ ես հետևյալը կհարցնեմ. երբ մենք մտնում էինք ԵԱՏՄ և միաժամանակ քննարկում էինք Ասոցացման համաձայնագիրը, վերջում որոշում կայացվեց, և ուրիշ բան տեղի ունեցավ։ Այսինքն՝ ես ուզում եմ հասկանալ՝ մեր ներքին գործերի, մեր գործունեության մասով մենք ի՞նչ է, պետք է զանգենք ու հարցնե՞նք. «Իսկ կարելի՞ է պատասխանեմ զանգին» կամ «Մեր տուն հյուրեր են գալու, կարելի՞ է նրանց ընդունել»։ Ես կարծում եմ, որ այստեղ «недопонимание» կա, և որևէ այլ խնդիր չկա։ Ինչ վերաբերում է այդ հայտարարություններին, ապա դրանք հրահրված են կալուգացի Սամվելի կողմից, հրահրված են Քոչարյան Ռոբերտի կողմից»,- ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ իր կողմից հիշատակված քաղաքական գործիչների ազդեցությունը հետևյալ կերպ է արտահայտվում. «Ենթադրենք՝ հայկական մամուլում ինչ-որ բան է հայտնվում, արտաքին գործերի նախարարի մակարդակով դա հերքվում է»։

«Ռուսաստանում մի քանի միլիոն հայ է ապրում։ Նրանցից քանի՞սը կարող են մեկ օրում հասնել նրան, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը որևէ հարցի կապակցությամբ հերքում տարածի»,- հարցադրում է արել Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։

Նա նաև հաստատել է, որ խոսքը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում ընդգրկված Նարեկ Կարապետյանի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ հայտարարությունների մասին է։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրեն չի վերաբերում, թե արդյոք Նարեկ Կարապետյանի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու մասին փաստաթուղթն իսկական է։

«Դրանով զբաղվում է Քննչական կոմիտեն։ Քննչականը կքննի, հայտարարություն կանի՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ։ Ինձ դա հետաքրքիր չէ։ Ինձ հետաքրքիր է քաղաքական բաղադրիչը։ Իսկ քաղաքական բաղադրիչը հետևյալն է. Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը Հայաստանում «փարոսիկներ» են հանդիսանում և դեպի իրենց են գեներազնում ռուսական այդ բացասական վերաբերմունքը և փորձում են հրահրել այն։ Բայց չի ստացվի։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները եղել են և լինելու են լավը։ Մենք Ռուսաստանի Դաշնության հետ որևէ խնդիր չունենք և չենք պատրաստվում ստեղծել։ Իսկ այն, ինչ Դուք մեջբերում եք՝ ասենք, կապված ինչ-որ ապրանքների և այլնի հետ, դա եղել է նաև անցյալում, և վստահ եմ՝ տարբեր տեղերում կլինի նաև ապագայում։ Դրանք հարցեր են, որոնք կշտկվեն։ Իսկ եթե որևէ քաղաքական գործիչ պնդում կանի, որ դրանք ուղղակիորեն կապված են, դա նշանակում է, որ նա մեղադրանք է առաջադրում Ռուսաստանին»,- նշել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը։

Պատասխանելով ճշտող հարցին, թե արդյոք իր կարծիքով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ճգնաժամ չկա, նա ասել է, որ այդ ճգնաժամը հրահրում են։

«Ես կարծում եմ, որ պարոն Մեդվեդևը, ինձ շատ սիրող տիկին Զախարովան, մեր ազգին, մեր երկրին շատ սիրող ռուսական իշխանությունները չեն տրվի կոնկրետ «փարոսիկների»՝ կալուգացի Սամվելի, Քոչարյանի, Ծառուկյանի հրահրումներին։ Եվ ես վստահ եմ, որ առաջիկա օրերին կամ ընտրություններից անմիջապես հետո այս ամենը միանգամից կդադարի»,- ասել է նա։