NEWS.am-ի թղթակիցը ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին խնդրել է իրավական գնահատական տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որոնցում նա ընդդիմությանը մեղադրում էր լրտեսության և լրտեսական ցանցերի անդամ լինելու մեջ։ Բացի այդ, նա դիմելով ընդդիմությանը, հայտարարել էր, թե «սատկացնելու» է նրանց:
NEWS.am-ի թղթակիցը, մասնավորապես, հարցրել է նախարարին, թե արդյո՞ք նման արտահայտությունները բռնության կոչ չեն պարունակում։
Արդարադատության նախարարի խոսքով՝ «իրավիճակները լինում են շատ տարբեր»։
«Եթե խոսքը գնում է այնպիսի բառերի մասին է, որոնք ենթադրում են հիպոթետիկ բռնության կիրառում, ապա այդ բառերն արտաբերվում են, գոնե թե իմ ընկալմամբ, այն դեպքերում, երբ բոլոր մնացած այլ բառերը վերջանում են։ Այսինքն՝ հրահրելու իրավիճակների մասին է խոսքը։
Եվ երբեմն, այո՛, բոլոր մարդկանց, այդ թվում՝ վարչապետի համար շատ դժվար է մշտապես բարեկիրթ լինել։ Բայց, ամեն դեպքում, մենք միշտ այն կարծիքին ենք, որ պաշտոնատար անձինք ունեն իրենց էթիկայի կանոնները և պետք է միշտ փորձեն մնալ այդ այդ նորմերի սահմաններում։ Ամեն դեպքում, բոլորս էլ մարդ ենք, և երբեմն, անկեղծ կլինեմ, պարզապես անհնար է դիմակայել այդ անհարգալից վերաբերմունքին ու չարձագանքել այն նույն ձևով, ինչպես քեզ են վերաբերվում»,- հայտարարել է Գալյանը։
Նախարարն առաջարկել է իրավիճակին նայել նաև մյուս կողմից.
«Արդյո՞ք կոնկրետ նստեցնելու, լրտեսական ցանցերի, գործակալ լինելու վերաբերյալ ինֆորմացիաների մեր հանրությունը նույնպես չի տիրապետում։
Դուք և մեր ժողովուրդը կարող եք վստահ լինել, որ մեր վարչապետն իր պաշտոնի բերումով շատ ավելի մեծ ինֆորմացիայի է տիրապետում։ Եվ այն ինֆորմացիան, որին նա տիրապետում է, թույլ է տալիս նրան անել նաև նման հայտարարություններ»,- ասել է նա։











