Մաշտոցի պուրակի կրպակներն ապամոնտաժվում են: «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ աշխատակիցները կատարում են Երեւանի քաղաքապետի որոշումը (ֆոտոռեպորտաժ):
Ապամոնտաժմանը ներկա են ակտիվիստ բնապահպանները եւ ոստիկանները՝ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ:
Նշենք, որ երկու ամսից ավելի է մի խումբ ակտիվիստներ պայքարում են Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ, նրանք ամենօրյա հսկողության տակ են վերցրել այգին եւ չեն հեռանում այնտեղից, քանի դեռ կրպակները չեն ապամոնտաժվել: Ստեղծվել են նաեւ ապամոնտաժող բրիգադներ, որոնք բազմիցս փորձել է ապամոնտաժել կրպակները:
Ապրիլի 29-ին ոստիկանները ակտիվիստներից 7-ին բերման էին ենթարկել ոստիկանության բաժին, ապա ազատ արձակել: Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ մայիսի 1-ին այցելել է Մաշտոցի պուրակ: Նա շրջել է պուրակում, դիտել նոր տեղադրված տաղավարները:
Այնուհետեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է իր դիտարկումները պուրակի հետ կապված, հորդորել քաղաքապետին` ապամոնտաժել կրպակները: Այսօր` մայիսի 2-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշում էր կայացրել կրպակների ապամոնտաժման հետ կապված:



























