«Վարչապետին կասեմ, թե ինչ է մեծությունը, եթե չգիտի։ Առավոտից երեկո, երբ կպնում էին իմ ընտանիքին, վիրավորում որդիներիս, իմ մեծությունն այն էր, որ ինձ թույլ չեմ տվել որևէ բան ասել նրա ընտանիքի մասին։ Մեծությունը դա է»։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, Էջմիածնի բնակիչների հետ հանդիպմանը նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով իր վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։

«Երեխաները մեղավոր չեն, ընտանիքը մեղավոր չէ։ Երեխաները մեր լույսն են, մեր ապագան, նրանց կյանքը դեռ նոր է սկսվում։ Նրա ընտանիքին ու երեխաներին առողջություն, երջանկություն և նպատակների իրագործում եմ մաղթում։ Թող Աստված նրանց պահապան լինի։ Ահա սա է մեծությունը։

Չի կարելի ընտանիք մտնել »,- նշել է քաղաքական գործիչը։

Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է նաև փոքր և միջին բիզնեսի ապագայի վերաբերյալ իր ծրագրերը։

Ըստ նրա, 60-ից 80 միլիոն դրամ շրջանառության դեպքում ոչ մի հարկ չի սահմանվի։ Մարդկանց զարգանալու հնարավորություն կտրվի։

Ելույթի ընթացքում ԲՀԿ առաջնորդն անդրադարձել է նաև բանտերի գերբեռնվածության խնդրին։

Ըստ նրա, այս ողջ ընթացքում միայն այս նոր կառավարությունն է «մարդկանց ճաղերի հետևը գցում, վտարում, հեռացնում» նրանց։

«Ազատազրկման վայրերում տեղեր չեն մնացել, արդեն տնային կալանք են կիրառում»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։

Ըստ նրա, պետք է համաներում հայտարարվի, որպեսզի սխալ թույլ տված մարդկանց հնարավորություն տրվի նոր կյանք սկսել, վերադառնալ իրենց ծնողների, կանանց ու երեխաների մոտ։