«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը Կապանում քաղաքացիներին հղած ուղերձի ժամանակ ներկայացրել է մի շարք կարևորագույն հարցերի վերաբերյալ իր քաղաքական ուժի տեսլականը։
Առաջին հերթին «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդն անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։
«Մենք Արմավիրում՝ Վաղարշապատ քաղաքում, մեր քարոզարշավի ժամանակ խոստացել ենք մեր ժողովրդին, որ հունիսի 8-ին պետությունը պետք է ներողություն խնդրի եկեղեցուց և դադարեցնի բոլոր ահաբեկչական արշավները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Ըստ Էդմոն Մարուքյանի, պետությունն ունի երկու տեսակի պարտավորություն՝ պոզիտիվ և նեգատիվ։
Կրոնական կազմակերպությունների նկատմամբ այն ունի նեգատիվ պարտավորություններ, այսինքն՝ պետք է ձեռնպահ մնա նրանց գործերին միջամտելուց։
«Ինչ վերաբերում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ապա այս տեսանկյունից այն (պետությունը — խմբ.) ունի նաև պոզիտիվ պարտավորություններ, որովհետև սահմանադրական մակարդակով Եկեղեցին ճանաչված է որպես Հայ Առաքելական, և պետությունը պարտավոր է համագործակցել ու պաշտպանել Եկեղեցին, այլ ոչ թե հարձակվել Եկեղեցու վրա»,- շեշտել է նա։
Կուսակցության առաջնորդն անդրադարձել է նաև հանրապետությունում բացարձակ իշխանության բացառման հարցին։
Ըստ նրա, իր քաղաքական ուժն իր ձայները ոչ մեկին չի տալու։
«Մենք ուզում ենք, որ այն ուժերը, որոնք կանցնեն (խորհրդարան — խմբ.), գան փոխզիջումային լուծման և ընտրեն փոխզիջումային վարչապետ։ Եվ մենք չենք ուզում, որ որևէ մեկն ունենա բացարձակ իշխանություն։
Ով էլ լինի առաջին, երկրորդ, երրորդ տեղում, մենք չենք ուզում, որ բացարձակ իշխանություն լինի։
Մենք ուզում ենք, որ իշխանությունը փոխվի, բայց չենք ուզում, որ գա բացարձակ իշխանություն։ Հետևաբար, մենք լինելու ենք բացարձակ իշխանության բացառման երաշխավորը»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ սահմանների բացման հարցին, ապա, ըստ Էդմոն Մարուքյանի, հայ ազգը չպետք է հանուն դրա հավելյալ նվաստացումների ենթարկվի։
«Ադրբեջանն ուզում է ունենալ կոնկրետ մեկ ճանապարհ՝ մեզ ոչինչ չտալով։ Իսկ մենք ասում ենք, որ դա չի լինելու։ Լինելու է ապաշրջափակում։ Իսկ եթե ոչ, նշանակում է՝ չկա Արցախը, և մենք որևէ բանակցության չենք գնալու արտոնյալ ճանապարհի վերաբերյալ։
Սա է այն ամենը, ինչ մենք ասում ենք։ Չկա Արցախ՝ չկա արտոնյալ ճանապարհ կամ չկա միջանցք։ Թող անվանեն դա ինչպես ուզում են»,- նշել է նա։
«Եվ մենք ասում ենք, ժողովուրդ ջան, մենք կընդունենք օրենքներ, որոնցով կբացառենք թուրքական էքսպանսիան մեր տնտեսության մեջ։
Այսինքն՝ թուրքական կազմակերպությունները, թուրքական անձնագրով մարդիկ չեն կարող Հայաստանում հողեր, գույք, արժեթղթեր, բաժնետոմսեր գնել։ Նրանք չպետք է փողով նվաճեն Հայաստանը։
Մենք դա թույլ չենք տա»,- ընդգծել է կուսակցության առաջնորդը։
Ըստ նրա, դրա համար անհրաժեշտ է Ազգային ժողովում ընդունել մեծ փաթեթ, ինչը չի արվել 35 տարի։
Մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերությունների վիճակը՝ Մարուքյանն ընդգծել է ճգնաժամի առկայությունը։
«Հենց հիմա Լարսում խնդիր կա, հենց հիմա Ռուսաստանում տարբեր խանութներից հեռացնում են մեր ապրանքները, և սա այսօրվա վարվող քաղաքականության արդյունքն է։
Մենք միանշանակ պետք է կարգավորենք այս ճգնաժամը։
Դա չի արվելու ի հաշիվ մեր ինքնիշխանության, բացարձակապես նման հարց չկա։ Պարզապես ակնկալվում են նորմալ գործընկերային հարաբերություններ, ինչի արդյունքում այդ խնդիրները կլուծվեն։ Մեր ընտրվելով այդ հարցերը կլուծվեն։
Նման հարց չի լինի։
Կկարգավորվի, բայց մարդկանց վախն ինչո՞ւմ է. իբր կան այնպիսի պահանջներ, որ եթե մենք դա անենք, դա կբերի մեր կործանմանը։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ չենք զիջի մեր ինքնիշխանությունը, բայց կունենանք նորմալ պայմաններ, նորմալ հարաբերություններ»,- ասել է նա։
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ ներկայումս Թուրքիան և Ադրբեջանը ներկա են Հայաստանի ներքաղաքական կյանքում։
«Մենք դեմ ենք նրանց ներկայությանը։ Մենք նրանց դուրս կշպրտենք մեր քաղաքական կյանքից։ Բայց նաև պետք է ասեմ, որ մեր ներքաղաքական կյանքին չեն մասնակցի նաև այլ գերտերություններ կամ հարևան պետություններ։
Ոչ ոք չի լինելու՝ Ռուսաստան, Իրան, Ամերիկա, Եվրոպական միություն, ով ուզում է, լինի։ Մեր ներքաղաքական կյանքը պատկանում է մեր ժողովրդին։ Ըստ Հայաստանի Սահմանադրության՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- եզրափակել է նա։











