Հայաստանի գործող իշխանություններն ամենուր և շարունակաբար հայտարարում են, թե գնում են դեպի Եվրոպա, սակայն գործնականում այդ ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկում։ Այս մասին մայիսի 25-ին Արարատի մարզում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է քաղաքական ուժի պատգամավորության թեկնածու Գևորգ Գորգիսյանը։
Ավելին, նրա խոսքով, վերջին 5 տարիների ընթացքում աճել են միայն դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ անդամ երկրներ հայկական գյուղմթերքի մատակարարման ծավալները։ «Նրանք ոչ մի գործողություն ու քայլ չեն ձեռնարկել մեր գործարարներին վերապատրաստելու համար։ Օրինակ՝ կարելի էր թրեյնինգներ անցկացնել և երկիր բերել այն պահանջները, որոնք անհրաժեշտ են Եվրոպական միության համար», — ասել է նախկին պատգամավորը։
Ընդ որում, ինչպես նշել է Գորգիսյանը, հաճախ ԵՄ պահանջներն անհամեմատ ավելի հեշտ իրագործելի ու հասկանալի են, քան նույն ԵԱՏՄ-ի կողմից առաջադրվող պահանջները։ «Այսինքն՝ դրանք լիովին այլ են և խիստ տարբերվում են ԵԱՏՄ պահանջներից ու ստանդարտներից։ Մենք հերթական անգամ լսում ենք «այսինչ տեղն ենք գնում» թեզը, բայց գործնականում ունենք զրո քայլ։ Սա է իրականությունը», — ընդգծել է Գորգիսյանը։











