Մեր արտաքին քաղաքականությունը կայանալու է նրանում, որպեսզի երկիրը հարվածի տակ չդնենք, մենք համարում ենք, որ Հայաստանը չպետք է փորձի խաղալ հզոր պետությունների հակասությունների վրա, մայիսի 25-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը գլխավորում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
Ըստ նրա՝ Փաշինյանն այժմ անում է նույնը, ինչ ժամանակին Վրաստանում անում էր Սահակաշվիլին։ Նա հավելել է, որ այսօր Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակասություններն էլ ավելի են սրվել, և Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը հայտնվի այդ հակասության էպիկենտրոնում, և արդեն փորձանք է բերել: «Հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան բարդացել է, կան ապրանքներ, որոնց մուտքն ընդհանրապես արգելված է: Նա այս հարցում ևս փորձում է իր մեղքը բարդել նախկինների վրա, ինչպես դա արեց Ղարաբաղի հարցում, որը ծախեց ու ամեն ինչ քանդեց:
Եթե, ըստ իշխանությունների տրամաբանության, մենք այնքան ուժ ունենք, որ հայկական ապրանքների համար փակենք ճանապարհը դեպի Ռուսաստան, նշանակում է՝ մենք ուժ ունենք այդ ճանապարհը բացելու հունիսի 8-ին։
Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, դեպի Ռուսաստան ճանապարհը հաստատ կփակվի։ Հայկական գյուղմթերքի արտահանման 90%-ը գնում է Ռուսաստան: Երբ դու գնում ես այդ քայլերին, չե՞ս մտածում արտադրողների, գործարարների և ջերմոցների աշխատակիցների մասին: Ինչո՞ւ ես այդ մարդկանց զրկում մի կտոր հացից: Որպեսզի Արևմուտքում ինչ-որ մեկը քեզ գովի՞: Սահակաշվիլին էլ էր այդպես մտածում: Որտե՞ղ է նա հիմա:
Մեր հաղթանակի դեպքում ոչ ոք Ռուսաստանի հետ ոչ մի խնդիր չի ունենա»,- ընդգծել է Քոչարյանը։











