Նիկոլ Փաշինյանի հետ որևէ փոխզիջում չկա և չի կարող լինել։ Դրա մասին մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Մի՞թե ես նման եմ մարդու, որը պատրաստ է ազգի թշնամի դառնալ իր ունեցվածքի պատճառով։ Ես այդպիսի գործարարներից չեմ»,- նշել է նա։
Ծառուկյանը պարզաբանել է, որ տեղյակ է այն մասին, որ իշխանությունները գործողություններ են նախապատրաստում իր բիզնեսի դեմ։
«Չնայած նրան, որ Փաշինյանն ամեն օր վիրավորում է իմ որդիներին և խառնվում իմ ընտանիքի հարցերին, ես չեմ իջնի այն մակարդակին, որպեսզի քննարկեմ նրա ընտանիքի անդամներին»,- հավելել է նա։
Ծառուկյանը արձագանքել է նաև Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը չի կարողանա բանակցություններ վարել։
«Ես բանակցություններ եմ վարել Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպական օլիմպիական կոմիտեների ղեկավարների հետ», — ընդգծել է նա։
Նա հիշեցրել է այն մասին, որ ժամանակին բանակցությունների արդյունքում իրեն հաջողվել է կազմակերպել 50 հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում անցկացված Եվրոպական խաղերում, ինչպես նաև խոսել է այդ մրցումներում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի հաղթանակի մասին։
«Բաքվում հաջողվեց բարձրացնել Հայաստանի դրոշը»,- նշել է Ծառուկյանը։











